Օղակաձև զբոսայգում գտնվող թենիսի կորտերը քանդելու նպատակ չի հետապնդվում․ քաղաքապետի խոսնակը մանրամասներ է ներկայացրել
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն՝ անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվող աշխատանքներին։
Խոսնակն ընդգծել է, որ Օղակաձև զբոսայգու հիմնական նշանակությունը քաղաքի օդը մաքրելն է, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու մարդկանց համար հանգստի վայր ծառայելը։
«1990-ական թվականներին այգում շատ ծառեր հատվել են: 2000-ական թվականներին այգու տարածքի որոշ հատվածեր վարձակալության են տրվել, անկանոն կառուցապատվել, կանաչ գոտիները վերածվել են սրճարանների։ Ներկայումս Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում նույնպես նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները և կանաչապատ տարածքները: Տարածքում տարբեր ժամանակահատվածներում տեղակայվել, կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև այդ տարածքներում առկա են անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ այգու ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքներ, որոնց առկայության դեպքում հնարավոր չէ այգու օգտագործման ձևերը արդյունավետ կառավարելիության բերել, ապահովել այգու էկոհամակարգի կայունությունը: Այգին կորցրել է իր նպատակային նշանակությունը:
Քաղաքացիների հանգիստը այգու նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց այգու տարածքի հիմնանորոգման:
Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումները այս պահին շարունակվում են, որի շրջանակում առաջարկվում է.
Հատակագծային օպտիմալ լուծումներով ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց՝ նպատակակետերի հասանելիության ամենակարճ հեռավորությամբ ու դրանց երկայնքով կարճատև հանգստի հարթակներով, ջրային մակերեսներ (շատրվաններ, հարթ կառույցներ, սպորտային գոտիներ, ինչպես նաև հաճախորդների սպասարկման և զբոսայգու շահագործման համար նախատեսված այլ կառույցներ, հեծանվային ուղիներ, աստիճաններ, թեքահարթակներ ու բարեկարգման այլ տարրեր):
Այգու արդյունավետ օգտագործման և տարբեր եղանակային պայմաններում, շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ (սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար կնախատեսվи համապատասխան միջավայր):
Հասարակական լայն քննարկում ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հետ կապված տեղեկացնում եմ, որ նշված հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը»,- գրել է նա։
Հայկ Կոստանյանի գրառման մեջ շեշտվում է՝ Շախմատի տան շենքը ենթակա է պահպանման՝ ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները: Ավելին, բարեկարգվելու և տեսքի են բերվելու դրանց հարակից տարածքները:
Այս պահին թեմայի վերաբերյալ սա ամբողջական իրազեկումն է, հետագայում՝ Երևանի քաղաքապետարանն իր պաշտոնական հարթակներով հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ: