ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2024 թվականի ընթացքում իրականացրել է 1000-ից ավել ստուգում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2024 թվականի ընթացքում իրականացրել է 1050 ստուգում, հարուցվել է 3501 վարույթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ ամփոփելով 2023 թվականին տեսչական մարմնի կողմից իրականացված աշխատանքները:

Նա նշեց, որ Տեսչական մարմինը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 832 դիմում-բողոք, որոնցից 52-ը վերահասցեագրվել է, 37-ը վերադարձվել է, 132-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ: Քաղաքացիներից ստացված 612 դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ:

«Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հարուցվել է 3501 վարչական վարույթ, այդ թվում՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 2889, քաղաքացիների դիմումումների հիման վրա ՝ 612-ը: Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով հարուցված վարչական վարույթների թիվը կազմել է 214: Խախտումները վերացնելու համար տրվել է 479 կարգադրագիր առաջադրանք տալու վերաբերյալ, 3001 վարույթ կարճվել է, այդ թվում 194-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով: Մնացած վարույթներն ընթացքի մեջ են»,- ասաց Սլավիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ տեսչական մարմնի գործունեության շրջանակում է նաև ծխախոտային արտադրատեսակները սահմանափակող նշանների և գովազդի մասով վերահսկողությունը: Ըստ նրա՝ տեսչական մարմնի իրականացրած վերլուծությունների և առկա տեղեկատվության արդյունքում ամենառիսկային գնահատվել են սննդի կետերը, և տեսչական մարմնի գործունեության մեծ մասը կազմում է հենց այս կետերի վերահսկողությունը և նշանների առկայության ապահովումը:

Անդրադառնալով աշխատանքային օրենսդրության խախտումներին՝ Սարգսյանը նշեց, որ ըստ դիմումատուի՝ ամենաշատ հանդիպող խնդիրներից են աշխատանքից անօրինական ազատումը, աշխատավարձի ուշ վճարումը կամ չվճարումը, վերջնահաշվարկի չվճարումը պատշաճ սահմանված ժամկետներում և այլն:

«Սակայն ավելի քան 830 դիմումներից մոտ 600-ի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ և մոտ 200-ը կարճվել դիմումից հրաժարվելու հիմքով։ Դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ գրեթե 30 տոկոսը մինչև մեր ներգործությունը խախտումը վերացրել է, և քաղաքացին բողոքը հետ է վերցրել: Իսկ մնացածի մասով մեր վարույթի շրջանակում տրվում է կարգադրագիր և հետևողականություն, եթե խախտում արձանագրվում է»,- ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:

Չիրազեկվածության բացը լրացնելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2024 թվականին նախատեսում է իրականացնել ավելի շատ իրազեկման արշավներ:

Տեսանյութեր

Լրահոս