Հարց բժշկին. միակողմանի գլխացավերի պատճառը կարող է լինել նյարդը, որը հաճախ դժվար է լինում տարբերակել այլ խնդիրներից
Նյարդային համակարգը մարդու օրգանիզմում ունի կարևոր նշանակություն, և նյարդային ցանկացած խնդիր կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ ուղեկցվող սուր ցավերով: Դեմքի պարանոցի, մեջքի և այլ հատվածների սուր ցավերի պատճառը հաճախ կարող է լինել հենց նյարդից եկող ցավ, որի առաջացման պատճառները շատ տարբեր կարող են լինել, այդ իսկ պատճառով այն հաճախ դժվար է լինում տարբերակել։
Նյարդային համակարգի տարբեր խնդիրների, դրսևորման և հիվանդության տեսակների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք նյարդաբան Լուսինե Վարդանյանի հետ:
Անդրադառնալով միակողմանի գլխացավերին՝ մասնագետը նշեց, որ շատ հաճախ մարդիկ ունենում են ցավեր դեմքի աջ կամ ձախ հատվածներում, որը կարող է ընդգրկել մի ամբողջ հատվածը, ատամնաշարը, դիմային ոսկորը, աչքը։ Դա կարող է ունենալ մի քանի պատճառ. դրանք կարող են լինել շատ հայտնի միգրենային գլխացավեր՝ տարբեր վիրուսներից հետո առաջացած բարդությունների հետևանքով, և, իհարկե, միակողմանի գլխացավերը հաճախ կապված են լինում եռվորյակ նյարդի հետ։
«Կարող է լինել առաջնային նյարդի ցավ, որի պատճառը դժվար է բացահայտել և հաճախ չի էլ հաջողվում գտնել։ Կան նյարդի ցավեր, որոնք առաջանում են երկրորդային պատճառներով․ օրինակ՝ կարող են լինել գոյացություններ, որոնք սեղմում են նյարդին, բորբոքային տարբեր խնդիրներ, ատամների հետ կապված խնդիրներ»,- ասաց մասնագետը։
Անդրադառնալով հաճախ հանդիպող նստանյարդի բորբոքման խնդրին՝ մասնագետը նշեց, որ այն կարող է առաջացնել թմրածություն, ծակծկոց, այրոց, մկանային թուլություն, եթե մկանների որոշակի խումբ դադարում է արձագանքել նստանյարդի ազդակներին։
Ըստ մասնագետի՝ այն նույնպես կարող է առաջանալ տարբեր պատճառներից, որոնցից է նաև նստակյաց կյանք վարելը։
Բժիշկ-նյարդաբանն ընդգծեց՝ որքան վաղ սկսվի բուժումը, այնքան քիչ է կրկնվելու հավանականությունը։ Մասնագետը խորհուրդ տվեց վարել առողջ ապրելակերպ, քայլել և զբաղվել սպորտով։
Ինչի՞ց կարող են խթանվել նյարդային ցավերը, ի՞նչ ախտանշաններ կան, ինչպե՞ս հասկանալ, որ դա հենց նյարդի ցավ է, ո՞ր տարիքային խմբերում է հաճախ հանդիպում այս խնդիրը:
Այս հարցերի, եռվորյակ նյարդի և նստանյարդի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան