
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը գաղտնի կերպով օգտագործել է քաղաքացիների անձնագրային տվյալները

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը գաղտնի կերպով օգտագործել է բրիտանական անձնագրեր ունեցողների տվյալների բազան՝ դեմքի ճանաչման տեխնոլոգիան կիրառելու համար։
«Ոստիկանությունը գաղտնի իրականացրել է դեմքի ճանաչման հարյուրավոր ընթացակարգեր՝ օգտագործելով 46 միլիոն բրիտանական անձնագրեր ունեցողների տվյալների բազան»,- գրում է թերթը՝ ելնելով սեփական հետաքննության արդյունքներից։
Թերթը նշում է, որ այդ տվյալները ստացել է երկրի ՆԳՆ-ից՝ տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն։
Ըստ տեղեկատվության՝ ոստիկանությունը ներգրավված է նման գործողություններում առնվազն 2019 թվականից և միայն 2023 թվականի առաջին ինն ամիսներին ավելի քան 300 անգամ օգտագործել է բրիտանական անձնագիր ունեցողների տվյալները։ Նրանցից բացի, իրավապահներն օգտագործել են նաև ներգաղթյալների մասին տեղեկություններ պարունակող ներգաղթային ծառայության տվյալները։
Պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը վերջին տարիներին ավելի ու ավելի է դիմել դեմքերի ճանաչման տեխնոլոգիային, բայց սովորաբար հիմնվում է ազգային ոստիկանության տվյալների բազայի վրա, որը պարունակում է մոտավորապես 16 միլիոն լուսանկարներ, որոնցում ներառված են երբևէ ձերբակալված անձանց տվյալները, ներառյալ նաև նրանց, ում երբեք մեղադրանք չի առաջադրվել: