Կիմ Չեն Ընը ցավակցել է Ճապոնիայի վարչապետին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
«Ցավով տեղեկացա, որ Ճապոնիայում շատ են զոհերն ու նյութական կորուստները նոր տարվա սկզբին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, իսկ ձեր միջոցով ՝ զոհվածների ընտանիքներին և տուժածներին», – ասված է հեռագրում:
Կիմ Չեն Ընը նաև հույս է հայտնել, որ տուժած շրջանների մարդիկ հնարավորինս արագ կհաղթահարեն երկրաշարժի հետևանքները և կվերականգնեն բնականոն կյանքը։
Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի։