Դատավորը շտապում էր ևս երեք ամսով կալանավորել Արմեն Աշոտյանին. Ռուբեն Մելիքյան

Երևանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը: ՀՀԿ փոխնախագահի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նիստի ընթացքում բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ Աշոտյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում դատավոր Վահե Դոլմազյանին:

Մելիքյանը հայտարարեց, որ առկա գործով նախորդ երկու նիստերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք իրենց մոտ ողջամիտ կասկած են հարուցում  նախագահող դատավորի անկողմնակալության հարցում՝ արձանագրելով, որ իրենց առանձնացրած հանգամանքների ամբողջությունը հստակ հիմնավորում է դատավորի կողմնակալության փաստը:

«Սույն գործով հոկտեմբերի 9-ի և 11-ի նիստերին դատավորը կոնկրետ նպատակադրմամբ անտեսել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք պահանջներ: Նախագահող դատավորը հոկտեմբերի 9-ին շարունակել է դատական նիստը՝ մեղադրյալներից մեկի բացակայությամբ: Անգամ այն պայմաններում, երբ նրա ուշադրությունը հրավիրվել է այդ հանգամանքին»,- փաստեց Մելիքյանը՝ արձանագրելով, որ նախագահող դատավորն անգամ քննարկման առարկա չի դարձրել այդ հարցը:

Ռուբեն Մելիքյանի պնդմամբ՝ դատավորը քննարկման առարկա չի դարձրել նաև հանգամանքը, որ այդ օրը դատական նիստին բացակա են եղել նաև երկու տուժողների ներկայացուցիչներ: Բացի այդ, հոկտեմբերի 19-ի՝ երկրորդ նիստին, բացակա է եղել տուժողի ներկայացուցիչներից մեկը: Նախագահող դատավորն արձանագրել է այդ փաստը, սակայն կողմերի կարծիքը չի լսել՝ դատական նիստը շարունակելու հնարավորության վերաբերյալ:

«Ես հեռու եմ այն մտքից, որ այս խախտումներն օրենքի չիմացության կամ անփութության հետևանք են: Միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ դատավորը շտապում էր Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոցի որոշում կայացնելու հարցում: Այլ կերպ՝ դատավորը շտապում էր հայտարարել, որ Արմեն Աշոտյանը պետք է կալանքի տակ մնա ևս 3 ամիս: Այս բացատրությունն է՛լ ավելի ողջամիտ է թվում՝ մյուս փաստերի լույսի ներքո»,- ասաց Մելիքյանը:

Այս ամենին զուգահեռ՝ պաշտպանն արձանագրեց, որ հոկտեմբերի 9-ի և 11-ի նիստերին դատական նիստերը նախագահող դատավորը հարցեր է ուղղել ո՛չ թե ճշգրտող կամ պարզաբանող բնույթի, այլ ներկայացրել են քողարկված դիրքորոշում:

«Դիրքորոշման դրսևորում է նաև որոշում կայացնելը: Դրա վառ դրսևրորումը, օրինակ, պաշտպանության կողմի մեկ այլ միջնորդությունն էր, որը վերաբերել է հանցագործության մասին հաղորդում չլինելու հիմքով վարույթը կարճելուն»,- արձանագրեց Մելիքյանը:

Նա նաև հայտարարեց, որ մեղադրող կողմը փաստացի մատնված է եղել անգործության այն ամբողջ ընթացքում, երբ իր գործողություններով դատավորն ըստ էության ստանձնել է մեղադրող կողմի գործառույթն ու հակափաստարկել պաշտպանվող կողմի դիրքորոշումներն ու հիմնավորումները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս