Սիրտս պայթում է. երբ ազգի առաջնորդն իմաստությունից զրկվում է, ազգը դառնում է անառաջնորդ. Տեր Վրթանես

Այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը միասնական աղոթքի կոչ արեց մեր կորուսյալ Արցախի և նրա հավատավոր ժողովրդի ու համայն հայության համար:

«Այն պիտի դառնա զորության, համախմբման, մեկս մյուսին ներելու աղոթք: Մենք մեր քույրերին ու եղբայրներին պետք է ընդունենք մեր մտքին համահունչ՝ մեր ստի ջերմությունը փոխանցելով մեկս մյուսին: Այս պահին իմ սիրտը պայթում է, որովհետև մենք իմ հոգևոր դասի, հավատավոր ժողովրդի հետ միասին դուրս եկանք Արցախից: Ինչպես Սուրբ գրքում է գրված, եթե հետ նայես, կարող է՝ աղի արձաններ դառնանք, որովհետև դժբախտություն է տեղի ունեցել Արցախում»,- ասաց սրբազան հայրը:

Նրա խոսքով՝ այսօր բոլորի գլխում հարցեր ու հարցականներ կան, պատասխան չկա, որովհետև ազգի իմաստնությունը վերցվել է:

«Երբ որ ազգն ու ազգի առաջնորդները իմաստնությունից զրկվում են, դառնում են անառաջնորդ ժողովուրդ: Ուստի Տիրոջից պիտի խնդրենք իմաստնություն մեր առաջնորդներին, որպեսզի մեր ժողովուրդը համախմբվի, որովհետև միասնության մեջ է մեր փրկությունը»,- ասաց Տեր Վրթանես Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց՝ ազգը հիշում է, ազգը արձանագրում է, ազգը պահանջում է:

«Եվ եթե մենք կորցրեցինք աստվածապարգև Հայաստան աշխարհի անբաժանելի մաս Արցախը, կնշանակի, որ մեր համախմբվածության մեջ կան հարցեր, որ ինքներս պետք է գտնենք դրա պատասխանները՝ ինչո՞ւ: Վտանգված է մեր ինքնության շարժիչ ուժը: Արցախը մեր ինքնության շարժիչ ուժն էր: Եթե կորցնում ենք Արցախը, կորցնում ենք մեր ինքնությունը, իսկ ինքնությունը կորցրած անձը չի կարող ճիշտ ճանապարհով քայլել, ուստի պետք է պայքարել: Հանուն Արցախի արժե և կյանք տալ: Ինչպես Վազգեն Վեհափառն էր ասում, հայ ծնվելը պատիվ է, ապրելը՝ պայքար, մեռնելը՝ հաղթանակ: Ուրեմն ապրենք պայքարով և մահանանք հաղթանակով»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի քույրերին ու եղբայրներին, որ ջերմությամբ ընդունեցին արցախցիներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս