Արցախից Հայաստան ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիսում է։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այցի նպատակն է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը հենց տեղում կազմակերպեն ու ցուցաբերեն։
«Մեր թերապևտները, մանկաբույժները տեղում կազմակերպում են կոնսուլտացիաներ։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ժողովուրդը գտնվում են բավականին ծանր առողջական վիճակում՝ 10 ամիս լինելով շրջափակման մեջ, հիմնականում թերսնված են, դեղորայք չունենալով։ Հիմա մեզ համար շատ կարևոր է նրանց առաջնային բուժօգնություն տրամադրել»,- նշեց Անահիտ Ավաբնեսյանը։
Ըստ նախարարի, բռնի տեղահանված այն արցախահայերը, որոնք ստանում են առաջին բժշկական օգնությունը, եթե կարիք լինում է, ապա նրանց շտապօգնության մեքենաներով տեղափոխում են հիվանդանոց։
«Այստեղ այդ ամենն ընդլայնելու համար տարածքի առումով արդեն տեղ չունենք, բայց հասցնում են մշտապես բուժաշխատողները հերթափոխով աշխատել։ Այստեղ են նաև շաքարային դիաբետով հիվանդները, որոնք ինսուլինի կարիք ունենք, մենք հենց այստեղ ինսուլինի բաժանման կետ ունենք։
Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտի դեպքեր, մեծահասակ մարդկանց մահ։ Բռնի տեղահանումն ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր։ Մարդիկ հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողել են իրենց ամբողջ ունեցվածքը, սնունդ, դեղ չունենալով՝ ճանապարհ են ընկել, 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին խցանման մեջ, նման հետևանքներն այս պահին անխուսափելի են։ Մեր իշխանությունը պատասխանատվություն է կրում այս ամենը կազմակերպելու, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին գրկաբաց ու հոգատար ընդունելու համար»,- շեշտեց Անահիտ Ավանեսյանը։