Սկսվել է Այվազովսկու «9-րդ ալիքի» մուտիլովկան. հարթակը պիտի զբաղեցնեն մահապարտները. Նաիրա Զոհրաբյան
Այսօր, մինչ Վերաքննիչ դատարանում քննվում էր Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Նաիրա Զոհրաբյանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բերձորի միջանցքի անցակետից ձերբակալության և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցի մասին հարցերին պատասխանելիս ասաց.
«Սիրելի հայրենակիցներ, Սամվել Բաբայանը, այն հայտնի «կամանդույուշչին», այն, որ ադրբեջանցիների ահն ու սարսափն էր, որ ըստ արցախցիների՝ տարիներ շարունակ տեռորի օրենքներն էին գործում Արցախում, վերջերս լրատվամիջոցներին ասել էր, եթե Արցախից դուրս գա՝ ապա վերջին մարդը կլինի։ Բայց նա իր ասածով՝ «սպարտիվկայով», հանգիստ, սակայն ըստ լրատվամիջոցների՝ տարօրինակ կերպարանափոխված դուրս է եկել: Ընդունեք իր վերսիան, նա ըստ էության չի թաքցրել, որ առանց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համաձայնեցնելու, ինքն ադրբեջանական կողմի հետ հարցեր է քննարկել։
Սամվել Բաբայանը «սպարտիվկայով» հանգիստ գալիս է Երևան, Հանրայինում բերանը բաց, լայն ժպտալով, սա այն ժամանակ, երբ Արցախում արմագեդոն է, 21-րդ դարում լանչ որոճացող միջազգային հանրության աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում։ Սամվել Բաբայանը փորձում է այս ցեղասպանությունը բարդել Արցախի նորընտիր իշխանության և ՀՀ նախկին իշխանության վրա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա դիմելով ՀՀ ԱԱԾ-ին՝ ասաց, եթե Եվրոպայում, ԵԽԽՎ-ում իրենց կողքով մի ադրբեջանցի անցներ, ապա անմիջապես հետաքննություն կսկսեին և իրենց կկասկածեին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ ադրբեջանական գործակալ լինելու մեջ։
«Սամվել Բաբայանը պետական միջոցներով սնվող Հանրայինի եթերից հայտարարում է, որ առանց Արցախի նախագահի՝ տեսակետներ է փոխանցել, բանակցել Ադրբեջանի հետ, բայց բերման չի ենթարկվում։ Բայց երեք ժամ առաջ նույն կամուրջը հանգիստ անցնող Ռուբեն Վարդանյանը կալանավորվում է»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
ԱԺ նախկին պատգամավորն անդրադարձավ նաև այսօր ընդդիմադիր հարթակին և իրականացվող ակցիաներին.
«Սա ողբերգություն է, ես նայում եմ, այս օրերին ինչ-որ քաղաքական տարբեր շարժումներ են փորձում։ Մեր ընդդիմության պրոբլեմը նաև այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չհեռացած՝ արդեն սկսվում է Այվազովսկու «9-րդ ալիքի» մուտիլովկաների շարքը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում