«Պացինետները հիմնականում ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողներին ասաց, որ Արցախում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած և այսօր Հայաստան տեղափոխված բուժառուները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

«Այստեղ իրականացվում է բազմապրոֆիլ թիմի կողմից նախնական տրիաժ, և հետագայում անհրաժեշտության դեպքում կտեղափոխվեն նաև այլ բժշկական կենտրոններ։ Բայց հիմնականում մնալու են Այրվածքաբանության կենտրոնում՝ ելնելով այրվածքների էությունից։ Այս պահին 23 բուժառու արդեն հետազոտության ու բուժզննման փուլում են գտնվում։ Տեսնում եք, որ շտապօգնության մեքենաներն անընդհատ բերում են պացիենտներին։ Ուղղաթիռներով փոխադրումներն անընդհատ իրականացվում են, բացի դրանից, 23 շտապօգնության մեքենաներ արդեն իսկ Ստեփանակերտից ճանապարհվել են Երևան։ Նրանք տեղափոխում են թե՛ այրվածքներով, թե՛ մեր վիրավոր հայրենակիցներին»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նրա փոխանցմամբ, ուղղաթիռներով բուժառուների տեղափոխությունն անընդհատ իրականացվում է,  քանի որ պետք է հասցնեն մինչև երեկո  ուղղաթիռների ամբողջ կարողություններն օգտագործել։

«Վիրավորում ստացած անձինք մոտ 200-ն են՝ հիմնականում ծանր, ծայրահեղ ծանր և միջին ծանրության պացիենտներ են։ Մեր նպատակն է  բոլոր պացիենտներին տեղափոխել Երևան, ոչ միայն այրվածքներով, նաև գիտեք, որ վիրավորումներով ևս կան պացիենտներ, որոնք չենք կարողացել տեղափոխվել ճանապարհների փակ լինելու պատճառով։

Կարդացեք նաև

Մնացած վիրավորները գտնվում են այլ բժշկական կենտրոններում, ստանում են մասնագիտական օգնություն։

Պացիենտները հիմնականում ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Ստեփանակերտի մեր գործընկերներն ամբողջ գիշեր կապի մեջ լինելով մեր այստեղի մասնագետների հետ, վիճակը տարել են կայունացման և պատրաստել են տեղափոխման»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում է գտնվում իսպանացի մասնագետների խումբը, այսօր Հայաստան կժամանեն նաև Մեծ Բրիտանիայից նեղ մասնագետներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Այս մասին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Տվյալ պահին ունեցած տեղեկությունների համաձայն, 7 հիվանդի կյանք հնարավոր չի եղել փրկել։

Տեսանյութեր

Լրահոս