Չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ ցավալի են եղել վերջին շաբաթվա դեպքերը հայ ժողովրդի համար. Սամանթա Փաուեր

«Անչափ ուրախ եմ նորից լինել Հայաստանում, որ երկար տարիներ ի վեր ինձ շատ սրտամոտ երկիր է: Ես ժամանակ եմ անցկացրել հայ մարդկանց հետ, այդ մարդկանց ուժը, դինամիզմը, այս երկրի ոգին ինձ միշտ ոգեշնչել է »,- ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ ցավալի են եղել վերջին շաբաթվա դեպքերը հայ ժողովրդի համար՝ տեսնելու հայկական բնակավայրերը, որոնց վրա հարձակում է եղել, մարդիկ կտրվել են իրենց ընտանիքներից, չգիտեն, թե ինչպիսին է իրենց ճակատագիրը լինելու եւ հայտնվեն մի այնպիսի իրավիճակում, երբ սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի խիստ պակաս է զգացվում: Եվ սա հատկապես ցավալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում:

Այսօր առավոտյան ես այցելեցի Ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցի անմար կրակի մոտ՝ ոչ միայն ավելի քան մեկ դար առաջ զոհվածների համար, այլեւ նրա համար, որ մենք նորից վերահաստատենք, որ պիտի կանգնենք միմյանց կողքին, միմյանց արժանապատվությունը, մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

Այսօր ես եւ վարչապետ Փաշինյանը խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել հայ ժողովրդին՝ առաջիկա ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում: Նաեւ հետագայում Հայաստանը կշարունակի միջոցներ ձեռնարկել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության ամրապնդման եւ իր ժողովրդի համար բարեկեցություն ապահովելու ճանապարհին»,-նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը:

Aravot.am

Տեսանյութեր

Լրահոս