Արցախում արյունալի գործողությունից հետո՝ Էրդողան-Ալիև բանակցություններ Նախիջևանում․ Ինչի՞ են պատրաստվում Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը
Արցախում օրերս իրականացված արյունալի ռազմական գործողությունից հետո այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Նախիջևանում է, որտեղ նախատեսվում են նրանց բանակցությունները։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանն ու Ալիևը քննարկելու են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային թեմաները, որոնց առանցքում՝ Ղարաբաղի վերջին իրադարձություններին հաջորդող քայլերը։ Թեմաներից մեկը, նույն աղբյուրների համաձայն, լինելու է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, որը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան փոխադրումները։
Սրան զուգահեռ՝ նրանք կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մեկնարկի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Թուրքական մամուլը և փորձագիտական համայնքը, սակայն, այս այցի մեխը համարում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցի շուրջ երկու ղեկավարների բանակցությունները։ Այդ կարծիքների համաձայն, պատահական չէ ընտրված նաև հանդիպման վայրը, որը Թուրքիայի և Ադրբեջանի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Նյու Յորքում օրերս կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին ոչ պատահականորեն նշել է հետևյալը. «Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ: …«Զանգեզուրի միջանցքի» բացումը այն հարցերից է, որին Ադրբեջանը համբերատար սպասում է»:
Եվ չնայած ՀՀ իշխանությունները արտաքին քաղաքական ճակատում ճակատագրական ձախողումների ֆոնին պնդում են, թե Հայաստանը երբևէ չի համաձայնել և չի համաձայնելու որևէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները չեն դադարում խոսել հենց «միջանցքի» մասին։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում հայ-թուրքական բարձր մակարդակով շփումների վերսկսման ֆոնին։
Հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ իշխանությունները հույսեր են ունեցել, թե հայ-թուրքական գործընթացում հայկական պահանջատիրությունից հրաժարվելը և Թուրքիային ընդառաջ քայլերն իրենց հասցնելու են հարաբերությունների արագ կարգավորման, սահմանի բացման, ինչպես նաև Էրդողանի կողմից Ալիևի նկատմամբ ճնշումների։ Թուրք-ադրբեջանական հարաբերությունների ողջ պատմությանն ու ներկա իրողություններին ծանոթ վերլուծաբաններին սա գավառական միամտություն կթվա, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ իշխանություններն իսկապես նման տեսլական ունեցել են։ Եվ ինչպես ցույց տվեց ժամանակը, ՀՀ իշխանություններն իրենց ահռելի քայլերի դիմաց թուրքական ուղղությամբ լուրջ առաջընթացի չկարողացան հասնել։
Ավելին, այս ծանր ռեգիոնալ զարգացումների ֆոնին, որոնք հատկապես ողբերգական են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի համար, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ակնարկում են և նախապատրաստում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խզելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ը լքելու մասին՝ չունենալով անվտանգության ոլորտում հուսալի այլ այլընտրանքներ։
Միջանցքի թեմային X-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր նաև Քարնեգի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը, գրելով, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերջնագիր ներկայացնել Հայաստանին։ «Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմական զավթումից մի քանի օր հետո նախագահներ Ալիևը և Էրդողանն այսօր հանդիպում են Նախիջևանում, և միանգամայն հավանական է, որ վերջնագրեր ներկայացնեն Հայաստանի կառավարությանը՝ «բացելու Զանգեզուրի միջանցքը, այլապես…, Ռուսաստանի համաձայնությամբ, այնտեղ զորքեր կտեղակայվեն»,- նշել է նա։ «Կարո՞ղ ենք արդյոք իսկապես կրկնել 1918-21թթ. խաղաղությունը, երբ խոշոր տերությունները փորձում են ուժ օգտագործել Կովկասի քարտեզը վերաձևելու համար։ Թող որ այդպես չլինի…»։
168․am-ի հետ զրույցում իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվող վերջին օրերի իրադարձություններից հետո Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների այցը Նախիջևան ամենևին էլ պատահականություն չէ և նպատակ ունի ամփոփել տեղի ունեցածը՝ հստակեցնելով նրանց հետագա քայլերը ռեգիոնում։
Ըստ նրա, Թուրքիայի ԱԳ նախարարն իր նյույորքյան խոսքով կարծես ազդարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենածանր հարցերից մնացել է մեկը և դա, այդպես կոչված, միջանցքի հարցն է, որին դեմ են Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը։
«Իրանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ Կարևոր նկատառում է նաև այն, որ Թուրքիան և Ադրբեջանը բավականին համակարգված ու առանց հապաղելու, առանց ժամանակ կորցնելու են գործում, որը պայմանավորված է աշխարհաքաղաքական ծանր ու անկանխատեսելի իրավիճակով։ Մինչ աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են հասնել իրենց բոլոր ծրագրերի իրականացմանը։ Հիշենք, որ Իրանը վերջին շրջանում հենց այս խնդրով պայմանավորված բավականին լուրջ սրացումներ է ունեցել Ադրբեջանի հետ հարաբերություններում։ ԻԻՀ ղեկավարությունը ռեգիոնում միակն է եղել, որ Թուրքիային ամենաբարձր մակարդակով ակնարկել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, նշել, որ ՀՀ անվտանգությունն Իրանը համարում է սեփական անվտանգությունը, Իրանը բացել է դիվանագիտական ներկայացուցչություն Հայաստանի համապատասխան մարզում՝ այնտեղ Իրանի ներկայությունն ու ազդեցությունը խորացնելու, ինչպես նաև ուղերձ հղելու նպատակով։ Միևնույն ժամանակ Իրանը ձգտել է կարգավորել և չխորացնել Ադրբեջանի հետ հարաբերություններում խնդիրները և այս ընթացքում ունեցել է նաև որոշ ձեռքբերումներ։
Բացի այն, որ Իրանի համար միջանցքը կարմիր գիծ է, Իրանի համար կարմիր գիծ է նաև արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը ռեգիոնում։ Սրան ևս Իրանի պաշտոնյաները բազմիցս անդրադարձել են, առաջ քաշելով 3+3 պրոյեկտը, որի շրջանակում ևս Իրանը, Հայաստանն ու Ռուսաստանը կարող էին արդյունավետ աշխատել։ Բայց վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է ԵՄ-ի ներկայությունը ռեգիոնում, մասնավորապես՝ նաև ՀՀ սահմաններին։
Այնուամենայնիվ, Իրանը հետևում է բոլոր զարգացումներին և չի փոխում իր մոտեցումներն ու կարմիր գծերը։ Այս պահին կարելի է վստահությամբ ասել, որ քննարկվում է Հայաստանով Թուրքիայի և Ադրբեջանի միացման հարցը, թե ինչ ձևաչափով, բարդ է վստահաբար պնդելը, սակայն Իրանն իր դիրքորոշումը հայտնել է, և այն անտեսել հնարավոր չէ։ Միանշանակ է, որ Իրանը միջամտելու է, եթե իր դիրքորոշումներն անտեսվեն։ Թե ինչպես է միջամտելու, բնականաբար, փորձելու է նախ դիվանագիտական գործիքներով հարցին անդրադառնալ։ Ամեն ինչ կախված է նաև կոնկրետ իրավիճակներից։
Սակայն Նախիջևանից փորձելու են կոնկրետ ուղերձներ հնչեցնել, որոնք կարևոր կլինեն հասկանալու համար հետագա զարգացումները և այն, թե կոնկրետ ինչ մտադրություն ունեն այս հարցի շուրջ Թուրքիան և Ադրբեջանը: Իրանի համապատասխան օղակները, անշուշտ, հետևում են և վստահաբար տարբեր սցենարներ են մշակել հնարավոր զարգացումներին արձագանքելու համար»,- ասաց վերլուծաբանը։