Փաշինյանը ոչ թե ստորագրում ու տալիս է, այլ ինքը համաձայնվում է և աչքերը փակում, երբ սկսվում են ռազմական գործողություններ. Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօր երեկոյան հանրահավաքի ժամանակ ամփոփելու են երկու օրվա տեղի ունեցածը, ներկայացնելու են, թե ինչ է պետք անել, քննարկելու են՝ ինչ տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության նիստում, ինչ է տեղի ունենում Արցախում: Այսինքն, միայն իշխանափոխության հարց չի քննարկվում:
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և Ադրբեջանն էլ հարձակվի Հայաստանի ուղղությամբ, ինչպե՞ս են կանխելու այդ ագրեսիան, Վազգեն Մանուկյանը հնարավոր է համարել նման տարբերակը, մյուս կողմից նշել՝ նա Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, և նրա մնալով՝ անընդհատ շարունակվելու են պատերազմներն ու պարտությունները:
«Էրդողանն ասեց, չէ, որ Սյունիքի համար պայմանավորվել են, ուրեմն պատերազմ է լինելու այնտեղ: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա ոչ թե ստորագրում ու տալիս է, այլ ինքը համաձայնվում է, հետո աչքերը փակում է, երբ սկսվում են ռազմական գործողություններ, հետո ասում է՝ բա ի՞նչ անեմ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք անընդհատ ունենալու ենք պատերազմ և Հայաստանի կործանում: Այդ թարախից պետք է ազատվել»,- շարունակել է ՀՀ նախկին վարչապետը՝ հավելելով, որ ընդդիմությունը վճռական է, խելոք մարդիկ կան, և այս պայմաններում հաղթանակն ապահովված է:
Դիտարկմանը՝ շատերը կարծում են, որ Հայրենիքի փրկության շարժումն ինքը տապալեց, և հիմա դարձյալ ինքն է առաջին պլանում, Վազգեն Մանուկյանը հակադարձել է.
«Փրկության շարժումը ես չտապալեցի, այլ նրանք, որոնք նպաստեցին, որ տեղի ունենան ընտրություններ, որին ես կտրականապես դեմ էի: Ես նույնիսկ առաջարկում էի փոխել կարգավիճակը, կամ ես փոխվեմ, բայց պետք է շարունակել, բայց գնացին ընտրության, և ստացանք այն, ինչ ստացանք»:
Մանրամասները՝ տեսանյութում