BRICS-ի երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել ՄԱԿ-ի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բարեփոխումների օգտին

BRICS-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքների շուրջ հայտարարությունում պաշտպանել են կազմակերպության, այդ թվում՝ նրա Անվտանգության խորհրդի բարեփոխումները: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Նախարարներն աջակցել են ՄԱԿ-ի, ներառյալ՝ նրա Անվտանգության խորհրդի, համապարփակ բարեփոխումը, որպեսզի այն ավելի ժողովրդավարական, ներկայացուցչական, արդյունավետ դառնա, ինչպես նաև զարգացող երկրների ներկայացվածությունը մեծանա խորհրդի անդամության բոլոր կատեգորիաներում, որպեսզի այն կարողանա համապատասխան կերպով արձագանքել ներկայիս գլոբալ մարտահրավերներին», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված փաստաթղթում։

Արտգործնախարարները նաև աջակցել են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ձգտումներին՝ «ավելի մեծ դեր խաղալ միջազգային հարցերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, այդ թվում՝ նրա Անվտանգության խորհրդում»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին, որի շրջանակներում սեպտեմբերի 19-ից 26-ն անցկացվում են բարձր մակարդակի քաղաքական քննարկումներ։

Տեսանյութեր

Լրահոս