«Այս պահի դրությամբ դեռ չունենք հաստատված ծավալ մարդասիրական աջակցության առնչությամբ». Զառա Ամատունի
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում զոհերի, վիրավորների վերաբերյալ վերջին հրապարակումն Արցախի ՄԻՊ-ը երեկ երեկոյան է տարածել։ Դրանից հետո մինչև այս պահը նոր զոհերի ու վիրավորների թվի վերաբերյալ դեռ հրապարակում չի եղել։
«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակիչ, որոնցից 5-ը երեխաներ են։ Արցախի ՄԻՊ գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են»,- նշված էր ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, Կարմիր խաչն առաջարկել է իր մարդասիրական աջակցությունը տարբեր ուղղություններով։
«Այլ հարց է, որ այս պահի դրությամբ մենք դեռ չունենք հաստատված ծավալ՝ մարդասիրական աջակցության առնչությամբ։ Սեպտեմբերի 19-ին երկու հիվանդանոցների մենք հրատապ պարագաներ ենք փոխանցել, դրանից բացի, դեռ որևէ ակտիվ ներգրավվածություն չկա։ Փորձում ենք հասկանալ իրավիճակը, մյուս կողմից էլ, բնականաբար, գիտեք, առանց կողմերի հետ համաձայնության՝ չենք կարող որևէ բան անել։ Ակնկալում ենք և պատրաստվում ենք, որպեսզի կարողանանք արձագանքել»,- նշեց Զառա Ամատունին։
Հարցին՝ այս պահին անհետ կորած անձանց վերաբերյալ կա՞ն ահազանգեր, Զառա Ամատունին պատասխանեց, որ գործում է «թեժ գիծ», որի վրա մարդիկ զանգահարում են տարբեր հարցերով՝ իրավիճակի հետ կապված։
«Ըստ այդմ, մեր կարողությունները կփորձենք մոբիլիզացնել այդ ուղղությամբ»,- նշեց Զառա Ամատունին։