«Ադրբեջանն ասում է՝ կապիտուլացվեք. բնակիչները կա՛մ պետք է մնան, կա՛մ անցնեն ադրբեջանական ճամբարով և ձերբակալվեն». Հայկ Նահապետյան

Քիչ առաջ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։

Իսկ առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Եվլախում հանդիպել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչները, որն արդեն ավարտվել է, արդյունքների կամ քննարկման մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Իսկ ԼՂՀ պատվիրակության կազմում են Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված է մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, պատերազմ է։

«Ադրբեջանն ասում է՝ կապիտուլացվեք, և այն պայմանները, որ նրանք նախապես ասել էին Բաքու-Ստեփանակերտ բանակացությունների վերաբերյալ, պետք է լինի: Ադրբեջանն ասում է, որ նախ՝ հայկական ուժերն ամբողջովին զինաթափեք և լուծարեք պետական բոլոր հաստատությունները։ Այս պայմանները կատարելուց հետո միայն նրանք Արցախի հետ կգնան ռեալ բանակցությունների։ Ինչպես արդեն խոսակցություներ կան՝ Ադրբեջանը պահանջել է Արցախից մի քանի հարյուր հոգու ցուցակ, որոնց նրանք փորձելու են իրենց «իրավունքի» տեսանկյունից ձերբակալել»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Հարցին՝ այս պահին պաշտոնական Մոսկվային ձեռնտո՞ւ է, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ ՌԴ-ին ձեռնտու չէ։

Ճշտող հարցին՝ եթե ձեռնտու չէ, ապա որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, կարո՞ղ է, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Խնդիրը հետևյալն է, եթե արցախահայությունն այնուամենայնիվ որոշում կայացնի, որ բոլորը դուրս են գալու, ապա դուրս են գալու Ադրբեջանի կողմից թույլատրված ճանապարհներով ու ճամբարներով, դրա մասին բազմիցս ասել եմ։ Սա նշանակում է, որ բնակչության մի մասին Ադրբեջանն ուղղակի ձերբակալելու է՝ հիմնավորելով, որ Ադրբեջանի դեմ կռվել են, հիմնավորելով, թե «անջատողական» են՝ դատելու են Ադրբեջանի և միջազգային օրենքներով։ Այսինքն՝ երկու տարբերակ կա՝ կամ դուրս են  գալիս ու գերեվարվում Ադրբեջանի կողմից, կամ մնում են Արցախում, ռուս խաղաղապահներն էլ իրենց հետ մնում են, մնալու են, որպեսզի այդ ճամբարներով չանցնեն, որովհետև մեծ մասին Ադրբեջանը ձերբակալելու է»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի հետևանքով, ինչպես տեղեկացրել էր Արցախի ՄԻՊ գրասենյակը, սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 զոհ խաղաղ բնակիչներից, որոնցից 5-ը երեխաներ են։Արցախի ՄԻՊ գրասենյակի կողմից իրականացվող անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են։

Տեսանյութեր

Լրահոս