Դրսից տեսնում են՝ Փաշինյանն ունի 9 տոկոս լեգիտիմություն, դա ծիծաղելի թիվ է իշխանությունը պահելու համար. Կարեն Քոչարյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ավարտեց Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։

Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են։

Նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%): Քվեարկությանը չի մասնակցել 825 հազար ընտրողի 75 տոկոսը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը շեշտեց՝ ընտրությունների նման ցածր ցուցանիշ որևէ մեկը չէր սպասում. ընտրողների նման ցածր մասնակցություն ինքն առհասարակ չի հիշում, իսկ հիշում է հայաստանյան բոլոր ընտրությունները՝ սկսած 1990-ական թվականներից։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է ընտրությանը չգնացած 75 տոկոս ընտրողներին, ապա դեպրեսիայի, ապատիայի, որևէ քաղաքական ուժի չհավատալու գործոնն այստեղ կա, կարելի է ասել, բոլոր գործոնները կուտակվել և դարձել են այդ 75  տոկոսը, իսկ Տիգրան Ավինյանը ստացել է ձայների ընդամենը 9 տոկոսը, և դա կարողացել է ստանալ ծախսած այդքան գումարի, վարչական ռեսուրսի, մարզերից քաղաքացիներին ներգրավելու միջոցով։ Այս փաստը խոսում է այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրը», որը վերջին տարիներին ճոճում էր ժողովրդի ընտրյալը լինելու հանգամանքը, մոտեցել է այդ լոզունգի ավարտին»,- ասաց Քոչարյանը՝ նշելով՝ Տիգրան Ավինյանին տրված ընդամենը 9 տոկոսանոց լեգիտիմությունը Փաշինյանի լեգիտիմության ուղիղ ցուցիչն է։

Ըստ քաղտեխնոլոգի՝ չնայած Փաշինյանն անձամբ ներգրավվեց քարոզարշավին, բայց այն, ինչ արեց հատկապես վերջին հանրահավաքի ժամանակ նրա հայտարարությունները, աշխատեց ոչ թե իր, այլ ընդդիմության օգտին։

«Փաշինյանը փորձեց բորդյուր լիզացնել ու ասֆալտ ուտացնել մարդկանց, մինչդեռ դա ոչ թե իր ընտրողներին մոբիլիզացրեց, այլ ընդդիմության։ Փաշինյանի այդ հռետորաբանությունը զզվացրել է բոլորին, այդ թվում և՝ իր ընտրողներին»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ 9 տոկոսանոց լեգիտիմություն ունեցող Փաշինյանին հետևում է նաև արտաքին աշխարհը։

«Դրսից հետևում են, թե որքան մարդ է կանգնած Փաշինյանի հետևում. կանգնած է 9 տոկոսը՝ երևանցիների, իսկ դա ծիծաղելի թիվ է՝ իշխանությունը պահելու և փաստաթղթեր ստորագրելու համար»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով՝ երբ իշխանությունը պարտվում է մայրաքաղաքում, շատ արագ գործընթացներ են սկսվում։

«Երբ իշխանությունը պարտվում է մայրաքաղաքում, իշխանությունը ճաքեր է տալիս, գործընթացները բերում են իշխանության քայքայման և այդ ամենը շատ արագ է տեղի ունենում»,- ասաց Քոչարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս