Պապիկյանի կադրերը դուրս են մղվում Կառավարությունից, իսկ ինքը պատերազմից 5 րոպե առաջ լայնաժպիտ մասնակցում է Ավինյանի քայլերթին
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում գոյություն ունեն տարբեր թևեր, խմբավորումներ՝ Սուրեն Պապիկյանի, Տիգրան Ավինյանի, Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, և բոլորն ատում են բոլորին։ Այս թևերի ներկայացուցիչներն ամեն պատեհ առիթով փուռն են տալիս միմյանց։
168.am-ի տեղեկություններով՝ ներկայումս հրահանգ է տրված թիմի ներսում թուլացնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիրքերը, և դա հաջողությամբ գլուխ բերելու համար նրա թիմակից-հակառակորդներն ազատվում են Պապիկյանի կադրերից։
Այսպես՝ ՔՊ-ական վերնախավի ջանքերով պաշտոնից հեռացվեց Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար եղած ժամանակ որպես Արմավիրի մարզպետ պաշտոնավարած, իսկ այնուհետև Պապիկյանի միջնորդությամբ փոխվարչապետ նշանակված Համբարձում Մաթևոսյանը։
Վերջինիս նախ վարկաբեկեցին՝ ՔՊ կուսակցության վարչության ընտրության ժամանակ ընտրակեղծիքների մեջ մեղադրելով, այնուհետև, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ընտրությունների տապալման մեջ մեղադրելով, Արայիկ Հարությունյանի ակնարկ-խորհրդով հեռացրին փոխվարչապետի պաշտոնից։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փոխվարչապետի օգնականի պաշտոնից ազատեց Սուրեն Պապիկյանի օրոք այդ պաշտոնում նշանակված և Համբարձում Մաթևոսյանի օրոք պաշտոնավարումը շարունակած Գևորգ Բարսեղյանին։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Խաչատրյանի և Գևորգ Բարսեղյանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել․ Խաչատրյանին դուր չի եկել Բարսեղյանի ակտիվությունը և Պապիկյանի ու Մաթևոսյանի կադր լինելու հանգամանքը։
Իսկ ինքը՝ Տիգրան Խաչատրյանը, բոլոր իշխանությունների օրոք աչքի է ընկել իր հնազանդությամբ, խոնարհությամբ և օրվա իշխանություններին անմնացորդ ծառայելու մոլեռանդությամբ։ Դե, իսկ Խաչատրյանի գրասենյակի «փառահեղ» կադրերին արդեն անդրադարձ կատարել ենք։
Վերջին շրջանում աշխատանքից հեռացվեց նաև Պապիկյանի օրոք Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը։
Հետաքրքիրն այն է, որ մեր տեղեկություններով՝ Սողոմոնյանին աշխատանքից հեռացնելու հարցում ակտիվ դերակատարում է ունեցել Գնել Սանոսյանը, որը ևս Պապիկյանի կադրերից է։
Արթուր Սողոմոնյանը, իհարկե, երկար անգործ չմնաց. վերջինս ներկայումս աշխատում է Պաշտպանության նախարարությունում՝ որպես Պաշտպանության նախարարի օգնական։
Մի ուշագրավ հանգամանք ևս. ՔՊ կուսակցության վարչությունում Պապիկյանի կադրերին չընտրեցին՝ չնայած այն հանգամանքին, որ ձայների քանակով նա երկրորդն էր (զիջում էի միայն Նիկոլ Փաշինյանին):
Կառավարությունում, հատկապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, բացասական վերաբերմունք կա նաև Պապիկյանի կադրեր համարվող Քրիստինե Ղալեչյանի և Արմեն Սիմոնյանի նկատմամբ, ովքեր ներկայումս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են։ Ըստ մեզ հասած լուրերի՝ նրանց շուրջ ևս օղակը սեղմվում է։
Նշենք նաև, որ համակարգից հեռացվել կամ փոխադրվել են Պապիկյանի կադրեր համարվող մարզպետներ և փոխմարզպետներ ևս։ Այսպիսով, Սուրեն Պապիկյանի կադրերից քչերն են այսօր մնացել համակարգում։ Դրանք հիմնականում ամենքին լոյալ և ամեն գնով պաշտոնից կառչած անձինք են։
Սա ՔՊ վերնախավի կողմից իրենց հերթական մրցակցին լուսանցքում թողնելու գործընթա՞ց է, թե՞ գուցե Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր մրցակցին վարկաբեկելու արշավ, կհասկանանք առաջիկա քաղաքական գործընթացների ընթացքում, Երևանի ավագանու ընտրություններից հետո:
Երեկ սակայն ՔՊ-ական թիմն արտաքուստ սոլիդարության վառ օրինակ էր: Մանր ու մեծ բոլոր պաշտոնյաներով, ընտանիքներով՝ միահամուռ կերպով մասնակցում էին Երևանի ավագանու՝ վաղը կայանալիք ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի քայլերթին: Մարզահավաքին ու հնդիկների մասնակցությամբ կազմակերպված երթին հպարտորեն մասնակցում էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընտանյոք:
Մասնակցում էր ամենասկզբից, երբ դեռ աշխատանքային օրը չէր ավարտվել: Սուրեն Պապիկյանն այնպիսի խանդավառությամբ էր քայլում, լուսանկարվում ու հրճվում Ավինյանի համար կազմակերպված միջոցառմանը, կարծես ինքը չէ պաշտպանության նախարարը մի երկրի, որի տարածքներն օկուպացված են թշնամու կողմից, իսկ նոր պատերազմի վտանգը չոքել է մեր սահմաններին: