
Դիետոլոգը մատնանշել է օրգանիզմի՝ վիտամիններով գերհագեցվածության վտանգը

Բժիշկ, սպորտային սննդաբան Անտոն Բրայկինը զգուշացրել է օրգանիզմի վիտամիններով գերհագեցման վտանգի մասին։
Ըստ shantnews-ի՝ RT-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ օրգանիզմում վիտամինների ավելցուկի դեպքում մարդը կարող է ունենալ միզաքարային հիվանդություն, ալերգիա և առողջական այլ խնդիրներ։
Նրա խոսքով, A, D, E և K վիտամիններով գերհագեցվածությունը կարող է հատկապես վտանգավոր դառնալ, քանի որ դրանք հակված են կուտակվելու ճարպային հյուսվածքում և լյարդում։
Բացի ալերգիկ ռեակցիայից և տարբեր հիվանդություններից, օրգանիզմի՝ վիտամիններով գերհագեցվածությունը կարող է հանգեցնել նաև ուռուցքաբանական խնդիրների զարգացման ռիսկի մեծացման, նշել է մասնագետը։
Բրայկինը նշել է, որ ջրում լուծվող վիտամինները ավելի քիչ վնաս կհասցնեն օրգանիզմին, քանի որ դրանցով գերհագեցվածությունը կարող է հանգեցնել միայն մարսողության խանգարման կամ մաշկի կարմրության։
Նա կարծիք է հայտնել, որ նման վիտամինների օգտագործումը փողի վատնում է։