«ԻննոԻջևանը»՝ կրթությունն ու բիզնեսը կամրջող հանգույց. ԵՄ դեսպանը ծանոթացել է նորարարական հանգույցի հնարավորություններին
Տարածաշրջանում ձեռներեցությունը, տեխնոլոգիական առաջընթացը և տնտեսական զարգացումը խթանող «ԻննոԻջևան» հաբը հյուրընկալել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Դեսպանը ծանոթացավ «ԻննոԻջևան» նորարարական հանգույցին, որը բաղկացած է կրթական և բիզնես բաղադրիչներից:
««ԻննոԻջևան» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարից, տևելու է մինչև 2024 թվականի փետրվար: 2 տարի տևողությամբ ծրագիր է, ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, իրականցում են ԱՏՁՄ-ն (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը) և COWO ընկերությունը, իսկ գլխավոր հայտատուն Իջևանի համայնքապետարանն է: Ծրագրի նպատակն է Իջևանում ստեղծել նորարարական հանգույց, որը կմիավորի բիզնեսն և կրթությունը»,- նշեց ԱՏՁՄ «ԻննոԻջևան» ծրագրի բովանդակային ղեկավար Մարիամ Հովհաննիսյանը:
Կրթական բաղադրիչը իրականցվում է «Իրական դպրոց» միջին մասնագիտական կրթական հաստատության կողմից, իսկ բիզնես բաղադրիչը՝ COWO ընկերության կողմից: Այսպիսով` փորձում են բիզնես ոլորտը կապել կրթության հետ, հաբը կամուրջ է հանդիսանում այդ երկուսի միջև:
«Հանգույցը թույլ է տալիս, որ անցումն ավելի սահուն լինի և ուսանողները ստանալու ստանան և՛ կրթություն, և՛ փորձ: Ուզում ենք կանխել մարզերից արտագաղթը՝ մարզում ստեղծելով այն բոլոր հնարավորությունները, որոնք երեխաներն ունեն Երևանում»,- նշեց Հովհաննիսյանը:
Ռոբոտաշինությունից, համակարգչային մոդելավորումից մինչև ԱԹՍ-ների նախագծում ու պատրաստում. Իջևանում բացված «ԻննոԻջևան» նորարարական հաբում գործող «Իրական դպրոց» միջին մասնագիտական ուսումնական ծրագիրը հենց այս հմտություններն է տալիս մարզի երիտասարդներին:
14-ամյա Տիգրան Հովսեփյանը «Իրական դպրոցի»-ի սան է, սովորում է ԱԹՍ նախագծման, փորձարկման աշխատանոցում: Նա պատմեց՝ սկզբում նախ ամրապնդել է դպրոցից ստացած կարևոր գիտելիքները ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, ինչից հետո արդեն անցել են գործնական աշխատանքի:
«Ներկա պահին աշխատում ենք դրոնի վրա: Մասնակցելու ենք 2 մրցույթի՝ ԱԹՍ-ով նյութերի սփռում և բեռների փոխադրում: Այս պահին ԱԹՍ-ն դեռ պատրաստ չէ։ Կան ծրագրային մեկ-երկու խնդիրներ, որոնց լուծման գործընթացն ընթացքի մեջ է։ Խնդիրն անպայման կլուծենք: Սա ծառայելու է տնտեսական նպատակների համար։ Հուսով եմ՝ որոշ ժամանակ հետո տնտեսության մեջ մեծ աճ կարձանագրվի ԱԹՍ-ների օգնությամբ»,- ասաց Տիգրան Հովսեփյանը:
Դպրոցն ունի 4 աշխատանոց՝ Համակարգչային ծրագրավորման և 3D մոդելավորման, Ռոբոտաշինության, միկրո և ռադիո էլեկտրոնիկայի մոդելավորման, ԱԹՍ նախագծման, փորձարկման և Քիմիայի, ֆիզիկայի, լազերային տեխնոլոգիական, օպտիկական և կենսաբանության աշխատանոց: Այն երեխաների համար լիովին անվճար է, բայց յուրաքանչյուր երեխայի համար ծախսում են շուրջ 1 մլն դրամ, որը հոգում է ԵՄ-ն: Դպրոցում սովորում է 18 երեխա։ Դպրոցն այս տարվանից ունի պետական լիցենզիա:
«Մեզ մոտ կրթական մեթոդաբանությունը հիմնված է աշխատելու սկզբունքի վրա․ երեխաները ցանկացած գիտելիք վերցնում են աշխատելու միջոցով: Օրինակ, ԱԹՍ պատրաստելու համար լուրջ գիտելիքներ են պետք ֆիզիկայից, քիմիայից, տարրագիտությունից: Մեզ մոտ ֆիզիկայի մասնագետը, օրինակ, ոչ թե գալիս է ու ամբողջ դասարանի համար իր դասախոսությունն է կարդում, այլ մտնում է լսարան ու գործ անում»,- մանրամասնեց «Իրական դպրոց»-ի ղեկավար Վահե Խաչատրյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորեց մարզերում նման հնարավորությունների ստեղծումը: Նրա համոզմամբ կենտրոնը էկոհամակարգը զարգացնելու հարցում մեծ ներդրում ունի:
«Մենք հանդիպեցինք Տավուշի մարզպետի հետ և ունեցանք ընդհանուր քննարկում։ Շատ կարևոր է ստեղծել նմանատիպ աշխատարաններ, պետք է աշխատենք միասին՝ ռեալ արդյունքների հասնելու համար: Սա բոլորիս մասին է, սա տաղանդների ու հնարավորություններ ստեղծելու մասին է, որի արդյունքում կայուն համակարգ է ստեղծվում»,- ասաց դեսպանը:
Կարինե Տերտերյան