Մարզերից Երևան բերված վերագրանցվողներից մինչև բակային «տասովշիկներ». ի՞նչ է արձանագրել «Հայաքվե» մոնիթորինգային առաքելությունը

«Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացնում է նաև դիտորդական առաքելություն: Լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը պարզաբանեց, թե ինչու են ստանձնել այս առաքելությունը. «Մենք մի շարք քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ ժամանակահատվածում, երբ ԿԸՀ-ն զբաղված է «Հայաքվե»-ի՝ ստորագրահավաքի փուլում մեզ միացած քաղաքացիների ստորագրությունները վավերացնելով, իսկ մենք այդ ընթացքում ունենք կազմակերպչական և հանրային վստահության ռեսուրս, որը կարող ենք օգտագործել,  շատ կարևոր է՝  այն քաղաքական գործընթացը, որն այսօր տեղի է ունենում ընտրությունների համատեքստում, կարողանանք  դրան օգտակար լինել»:

Նա հավելեց՝ դիտորդական առաքելությանը միացել են արդեն 100-ից ավելի դիտորդներ, և սկսել են նախընտրական գործընթացների դիտարկումները: Նախաձեռնության համակարգողը վստահեցրեց՝ ընտրության օրը դիտորդները մեծապես ներկայացվածություն կունենան բոլոր վարչական շրջաններում, և երևանցիների ձայնը տեղ կհասնի:

«Մեր բնակչության մի մասի շրջանակում հոռետեսություն է տարածված, որ իշխանություններն են միշտ ընտրություններում հաղթում, բայց դա այդպես չէ. Հայաստանի բազմաթիվ համայնքներում՝ հիմնականում խոշոր քաղաքներում, նաև խոշոր գյուղական համայնքներում, ընտրություններում հաղթել են ոչ իշխանական ուժեր: Հոռետեսության համար փաստացի հիմքեր չկան,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ բավական լուրջ նախընտրական մրցակցություն է ընթանում Երևանում. 14 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին,- Ուստի, երևանցիները փաստացի ունեն ընտրության հնարավորություն, եթե անգամ այդ հնարավորությունն իդեալական չէ»:

Բանախոսը հորդորեց ամսի 17-ին գնալ տեղամասեր և սեփական ձայնով ձևավորել քաղաքային իշխանություն, որը կբերի նաև Հայաստանում ժողովրդավարության ամրացման, ինչը, գործող իշխանության ձեռամբ, հայտնվել է լուրջ հարվածի տակ:

Կարդացեք նաև

«Հայաքվե» նախաձեռնության մոնիթորինգային առաքելության շտաբի ղեկավար Մենուա Սողոմոնյանը ներակայացրեց մոնիթորինգի առաջին արդյունքները՝ շեշտելով, որ մտահոգիչ ազդանշաններ են ստացվում իշխանությունների կողմից ընտրարշավի ժամանակ իրականացվող խախտումների մասին։ Նրա տեղեկացմամբ, օրինակ, մարզային բնակության հասցեներից քաղաքացիներ են բերվում-գրանցվում Երևանում, նաև՝ վարձատրության դիմաց բակային «տասովշիկներ» են լծված հավաքագրման աշխատանքներին:

«Մենք նաև նախընտրական քարոզչության շրջանը ևս դիտարկել ենք, և այդ շրջանում մեր ուշադրության կենտրոնը տրամաբանորեն գործող իշխանություններն են՝ ՔՊ-ն, որովհետև իրենց ռեսուրսներով, վարքագծով ստեղծել են խիստ անհավասար պայմաններ՝ մնացած ուժերի հետ կապված,- նկատեց Մենուա Սողոմոնյանը՝ մանրամասնելով,- Այդ անհավասարությունը և խախտումները պայմանականորեն մի քանի խմբերի ենք բաժանել, որոնցից է՝ քարոզչական անհավասարությունը, կոռուպցիոն սխեմաների կիրառմամբ նյութական անհավասարությունը, վարչական ռեսուրսների գործադրմամբ ստեղծված անհավասարությունը, պատկան մարմինների վերահսկողության բացակայությամբ ստեղծված անհավասարությունը և արտաքին գովազդի չսահմանված ձևերի կիրառմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս