Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչպիսին է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը, երբ ԱԺ-ում քննարկվի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը։
«Ուզում եմ անդրադառնալ հայ-ռուսական լարված հարաբերություններին, որոնք 2018 թվականից հետո պարբերաբար սրացումներ են արձանագրում։ Դուք նամակ եք ուղարկել Վլադիմիր Պուտինին, մյուսների հետ հեռախոսազրույց եք ունեցել, պարզվում է՝ Պուտինին նամակ եք ուղարկել։ Ամենաարդյունավետ միջո՞ցն է հեռախոսազանգը փոխարինել նամակով։ Տեսա, որ ձեր վերջին հեռախոսազանգը Պուտինի հետ եղել է հուլիսի 5-ին։
Մի այսպիսի հարց նաև՝ այստեղ մեր ԱԱԾ-ն վագներականների է փնտրում, և այսօր Զախարովան անդրադարձավ տեղեկություններին, որ իշխանությունը մտահոգություն ունի, որ Ռուսաստանը կարող է ՀՀ-ում հեղափոխություն իրականացնել»,- հետաքրքրվեց Ագնեսա Խամոյանը։
Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ հայտարարություններով, նա ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիր չկա։
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրից ես, գուցե թվի մեջ կարող եմ մեկ-երկու սխալ անել, բայց 7-8 հեռախոսային խոսակցություն եմ ունեցել։ Մյուս գործընկերների հետ, ըստ էության, կա՛մ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, կա՛մ ավելի պակաս խոսակցություն եմ ունեցել։ Այնպես որ, այստեղ էլ չեմ կարծում, թե խնդիր կա, որովհետև հեռախոսազանգի նպատակն այն էր՝ կիսել տեղեկություն, իրավիճակ, որից մյուսները տեղեկություններ չունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն վավերացվելու է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում