ԵԱՏՄ երկրները տրանսպորտային «շրջադարձ» են կատարում դեպի Արևելք. ԵՏՀ նախարար
ԵԱՏՄ երկրները քաղաքական լարվածության պայմաններում տրանսպորտային իրենց հոսքերը կուղղեն դեպի Արևելք, այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։
«Քաղաքական մեծ լարվածության պայմաններում գլխավոր խնդիրը (ԵԱՏՄ երկրների համար – խմբ.) տարանցիկ և արտահանման ու ներմուծման փոխադրումների վերակողմնորոշումն է, մենք շրջադարձ ենք անում դեպի Արևելք։ Հիմնականում մեր ապրանքներն այնտեղ են գնում», – ասել է Կոժոշևը` ելույթ ունենալով Տաշքենդում ավտոմոբիլային փոխադրումների զարգացմանն ուղղված միջազգային կոնֆերանսի ժամանակ։
Նախարարը նշել է, որ տնտեսական կայունության հասնելու նպատակով նախևառաջ ԵԱՏՄ երկրները մտադիր են օգտագործել Հյուսիս–Հարավ, Չինաստան–Արևմտյան Եվրոպա տրանսպորտային միջանցքների ներուժը և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։
Կոժոշևը հայտնել է, որ ԵԱՏՄ–ում մեծ աշխատանք է իրականացվում տրանսպորտալոգիստիկ ուղիներն ընդլայնելու հարցում դեպի Չինաստան, Իրան և Հնդկաստան, որոնց հետ միության երկրների առևտրի ծավալներն աճում են։ «Սանկտ–Պետերբուրգով Իրանից Հնդկաստան Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքով ակտիվացնում ենք աշխատանքն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Իրանը», – հավելել է նախարարը։
ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու ՌԴ–ն։