Հայաստանի իշխանությունն «Արցախի նախագահ» ձևակերպումն օգտագործելուց խուսափում է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին հիշեցրեց՝ 9 ամիս է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ այնտեղ ապրող հայրենակիցները դժոխային կյանք են ապրում։
«Ադրբեջանը փորձում է տոտալ շրջափակման միջոցով հասնել արցախցիների հյուծմանը՝ ակնկալելով, որ Արցախը զենքերը կա՛մ վայր կդնի, կա՛մ այնպիսի ծանր վիճակում կհայտնվի, որ հարվածի դեպքում դիմադրելու հնարավորություն պարզապես չի ունենա։ Արցախի ողջ ռեսուրսները սպառման եզրին են, պետական կառավարման համակարգը դժվարությամբ մոբիլիզացնում է իր վերջին հնարավորությունները՝ ոտքի վրա մնալու և ամենօրյա ռեժիմով ծանրացող խնդիրները մեղմելու համար։
Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Արցախի նոր նախագահը կարողացել է այս ծանր պայմաններում ամրապնդել ներքին կայունությունը ու ներսում ապահովել համերաշխության մթնոլորտ, և, որ ամենակարևորն է՝ ծանր պայմաններում քաղաքական ծանր որոշումներ կայացնել»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի բնորոշմամբ՝ տպավորություն է, որ աշխարհը, Հայաստանի իշխանությունը՝ ներառյալ, սպասում են Արցախի անկմանը, իսկ Արցախում ապրող մարդիկ դիմադրում են։
«Արցախի իրավիճակի վրա ազդող երեք հիմնական գործոններ կան, որոնց բացակայությունը պարզապես բերելու է աղետի՝ բուն Արցախի դիմադրություն, Հայաստանի գործուն սատարում և միջազգային հիմնական դերակատարների ակտիվ ազդեցություն։
Հայաստանի իշխանությունն Արցախը հռչակել է ադրբեջանական, իրեն դուրս բերել Արցախի քաղաքական և անվտանգային հարցերից, իսկ դրա վերջին դրսևորումն Արցախի ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում չարտահայտելն էր, չշնորհավորելը։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ նույնիսկ խուսափողական կեցվածք են ընդունել նախագահ ձևակերպումն օգտագործելու վրա»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում