Էրդողանը Պուտինի հետ կշարունակի քննարկել «հացահատիկի գործարքի» ապագան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը «վերակենդանացնելու» համար: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ «Անադոլու»-ի ՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այդ ջանքերն ուղղված են աֆրիկյան ամենաքիչ զարգացած երկրներին օգնելուն:
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է մշակել Սևծովյան հացահատիկային միջանցքի բացմանն ուղղված լուծումներ:
Բացի այդ, նա Արևմուտքին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ձգտում է կանխել պարենային ճգնաժամը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հացահատիկի գործարքի» շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների հերթական փուլի նոր ամսաթիվ չկա, բայց առաջնորդները պայմանավորվել են, որ անհրաժեշտության դեպքում նրանք ևս մեկ տարի չեն սպասի միասին հանդիպելու համար: