Սա առանձին գործարք է և չպետք է շփոթել Աղդամ-Ստեփանակերտ, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից մարդասիրական բեռի տեղափոխման նպատակով Ակնայով դեպի Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը:

«Միջազգային լրագրողների, այդ թվում՝ Reuters-ի, Politico-ի և BBC-ի բազմաթիվ հարցումների ի պատասխան, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը. Ռուսաստանի նախաձեռնած պարենային բեռները, ադրբեջանական Կարմիր մահիկի հետ համաձայնեցմամբ, Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից կշարժվեն Աղդամ (Ակնա)-Ասկարան (Ասկերան) ճանապարհով դեպի Խանքենդի (Ստեփանակերտ): Սա առանձին գործարք է և չպետք է շփոթել ԿԽՄԿ-ի մատակարարումների համար Աղդամ (Ակնա)-Խանքենդի (Ստեփանակերտ) և Լաչին (Բերձոր) – Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ», – հայտնել է Հաջիևը:

Երեկ հաղորդվել էր, որ Արցախի իշխանությունները թույլ են տվել Ասկերանով ռուսական բեռների մուտքն Արցախ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը, հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբից։

Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս