Մի քանի տասնյակ հազարի հասնող օտարերկրացիների ընտրական իրավունքով օժտելը լրջագույն խնդիրներ ունի սահմանադրականության հետ. Գևորգ Դանիելյան․ «Փաստինֆո»

Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց ընտրական իրավունքով օժտելը ինքնանպատակ չէ, այն չպետք է ընկալվի, որպես վարչարարության լծակներով ցանկալի արդյունքներ երաշխավորելու գրավիչ գործիք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։

Սահմանադրական դատարանն առաջին անգամ հնարավոր համարեց ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությունը՝ նկատի ունենալով ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների իրավունքների ողջամիտ պաշտպանության անհրաժեշտությունը. գյուղեր կային, որտեղ մեծամասնությունը ՀՀ քաղաքացիություն չունեցող փախստականներ էին: Իսկ իրավաչա՞փ էր, արդյոք, բոլորովին այլ շարժառիթով ու հիմքերով օրենսդրության մեջ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց անվերապահորեն ընտրական իրավունքով օժտելը, հիմք ընդունելով միայն առնվազն մեկ տարվա հաշվառման փաստը:

Գեւորգ Դանիելյանը նկատում է՝ «ցավոք, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, շրջանցելով այս պարզ հարցի նրբությունները, Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի նվազագույն երաշխիքներին ակնհայտ հակասող լուծում է տրվել:

«Այսպիսի բացահայտ անհիմն կարգավորումը հակասում է նաև Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործուեության կանոնագրքի» դրույթներին: Նախ, Սահմանադրությամբ ամրագրել ենք, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը ոչ թե բացարձակ է, այլ ԿԱՐՈՂ Է սահմանվել Օրենքով:

Ավելի, քան տրամաբանական էր, որ հարկ էր ընտրել ՀՀ քաղաքացիություն չունեցող միայն այն անձանց հատվածը, որոնց ընտրական իրավունքը հնարավոր էր երաշխավորել, ոչ թե գործընթացը դարձնեին իմաստազուրկ մեխանիկական: Կոնկրետ, վերջին շրջանում Հայաստան այցելած մի քանի տասնյակ հազարի հասնող օտարերկրացիների ընտրական իրավունքով օժտելը լրջագույն խնդիրներ ունի սահմանադրականության հետ»,- ընդգծել է Գ.Դանիելյանը:

Նրա արձանագրմամբ՝ այս մարդիկ առնվազն չեն տիրապետում մեր պետական լեզվին, իրենք բացարձակապես ի զորու չեն տեղեկատվական աղբյուրներից պատկերացում կազմելու, թե այս կամ այն թեկնածուն ի՞նչ ծրագրեր ունի, ինչպիսի՞ն է իրական վարկանիշը և այլն: Այս մարդիկ անգամ զրկված են տեղամասային ընտրական հանձնաժողովներում դույզն ինչ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից և պարզապես կստորագրեն ցուցակում այնտեղ, որտեղ իրենց մատնացույց կանեն: Ճշմարտությունը մեկն է՝ այս մարդիկ ընտրությանը մասնակցելու են ոչ թե սեփական կամահայտնությամբ (դրա համար, նախ, նվազագույն տեղեկատվությանը հասանելի պետք է լինեին), այլ անխուսափելիորեն ուղղորդված՝ իրենց միայն թիվն են հուշելու:

Ի դեպ, ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու:

Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»:

«Եթե մի հրաշքով այս անձանց իրավունքները փորձ արվի իրացնել հիշյալ երաշխիքներով, ապա հարկ կլինի առնվազն նույնքան անձ առանձնացնել նրանց օգնելու համար, ինչն արդեն իրատեսական չէ, բայց դա արդեն հանրային իշխանության խնդիրն է, հակառակ պարագայում կգործի դարձյալ տնավարի աշխատելու բարի ավանդույթը, ինչն արդեն այսպիսի լայնածավալ խոցելի վիճակագրության պայմաններում չի կարող նվազագույն իրավաչափություն հաղորդել ընտրության արդյունքներին ….»,- նկատել է իրավագիտության դոկտորը։

Տեսանյութեր

Լրահոս