Թուրքիայում, Հունաստանում և Բուլղարիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 14-ի
Թուրքիայում, Հունաստանում և Բուլղարիայում հզոր տեղատարափների զոհերի թիվը հասել է 14-ի։ Իրար սահմանակից այս երեք երկրներում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները և հեղեղումների հետևանքների դեմ պայքարը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Բուլղարիայի հետ սահմանի մոտ, հեղեղումներն առնվազն 5 մարդու կյանք են խլել։ Եվս 2 մարդ զոհվել է Ստամբուլում, ավելի քան 30-ը՝ վնասվածքներ ստացել։ Ստամբուլի մի քանի շրջաններում փոթորկի ժամանակ ջրածածկ է եղել ավելի քան 1750 տուն և ձեռնարկություն։ Մետրոյի մի քանի կայարաններ ժամանակավորապես փակ են։
Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները և փորձում են փլվածքների տակից հանել տուժածներին, ինչպես նաև մարդկանց դուրս բերել այն շենքերից, որոնց մոտենալու ուղիներն արգելափակված են մնում։
Հունաստանում ռեկորդային ուժեղ և երկարատև տեղատարափները հանգեցրել են 2 մարդու մահվան։ Փրկարարները նրանց մարմինները հայտնաբերել են Վոլոս և Կարդիցա քաղաքների մերձակայքում։ Եվս 3 մարդ համարվում է անհետ կորած։
Աթենքում փակվել են մետրոյի մի քանի կայարաններ ու ճանապարհներ։ Վոլոս քաղաքի իշխանությունները եղանակային վատ պայմանների պատճառով կարգադրել են տարհանում սկսել մի քանի հիվանդանոցներից ու ծերանոցներից, որոնք հայտնվել են ջրածածկ լինելու սպսռնալիքի տակ, և արգելել են մեքենաների երթևեկությունը։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հորդառատ անձրևները Հունաստանում կարող են տևել առնվազն մինչև սեպտեմբերի 7-ի կեսօր:
Բուլղարիայում հեղեղումներն սկսվել են Սև ծովի հարավային ափին։ Իշխանությունները հայտնել են 4 զոհի մասին: Հեղեղված տարածաշրջանի գետերի մեծ մասը դուրս է եկել ափերից և քշել-տարել մի քանի կամուրջներ։ Ցարևո քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։
Օդերևութաբանների տվյալներով՝ Բուլղարիայում օրական տեղումների քանակը երեք անգամ գերազանցել է ամսական նորման։