Բաժիններ՝

Պակիստանը հետ է մղել Աֆղանստանի կողմից զինյալների հարձակումը․ կան զոհեր

Պակիստանը հայտնել է, որ հետ է մղել Աֆղանստանի կողմից հարձակում գործած և Պակիստանում ահաբեկչական ճանաչված «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում», ԹԹՊ) արմատական խմբավորման մի խումբ զինյալների, որոնք ժամանակակից զենքերով զինված՝ թիրախավորել են Չիթրալի մարզի Քալաշի շրջանում գտնվող երկու զինվորական անցակետ։

Պակիստանյան The Express Tribune պարբերականը հաղորդում է, բախումների հետևանքով զոհվել է առնվազն 12 զինյալ և պակիստանցի 4 զինվոր։

Ավելի վաղ ԹԹՊ-ն հայտնել էր, որ Խայբեր Պախտունխվայի նահանգի Չիթրալի շրջանում «խոշոր գործողություն» է իրականացրել՝ գրավելով մի քանի գյուղեր։

ԹԹՊ-ն համարվում է «Թալիբան»-ի պակիստանյան բջիջը, ինչը թալիբները կտրականապես հերքում են։ Պակիստանն Աֆղանստանից պահանջում է այդ երկրում տեղակայված ԹԹՊ-ի զինյալների շուտափույթ և լիակատար չեզոքացում, ինչը նախատեսված է Աֆղանստանում խաղաղության վերականգնման մասին 2020 թ. փետրվարին ստորագրված Դոհայի համաձայնագրով։

Ավելի վաղ «Թորխամ» հսկիչ անցակետի մոտ Պակիստանի և Աֆղանստանի ուժերի միջև փոխհրաձգություն էր սկսվել։ Պակիստանյան աղբյուրները հայտնել են, որ բախումների պատճառ են դարձել սահմանին անցակետ կառուցելու՝ աֆղանական կողմի ջանքերը՝ առանց պակիստանյան կողմի թույլտվության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս