ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջընթացի հույս ունի դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ դաշինքին Շվեդիայի անդամակցության առաջընթաց կլինի, երբ այս աշնանը Թուրքիայի խորհրդարանը վերսկսի նիստերը։ Այս մասին Ստոլտենբերգը հայտնել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների նիստին մասնակցելիս։
«Ես հուսով եմ, որ երբ Թուրքիայի խորհրդարանը վերսկսի նիստերն այս աշնանն ավելի ուշ, Շվեդիայի անդամակցության վավերացումը տեղի կունենա հնարավորինս շուտ», – նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը։
Թուրքիան ամիսներ շարունակ չէր հաստատում Շվեդիայի հայտը՝ հայտարարելով, որ Ստոկհոլմը Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» անդամներին թույլ է տալիս գործել իր տարածքում։ Անկարան նաև դատապարտում էր Ստոկհոլմին իսլամաֆոբ ցույցերի համար, այդ թվում՝ Ղուրանի այրման։ Սակայն հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Ստոլտենբերգը հայտնել էր, որ Թուրքիան համաձայնել է հաստատել Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։