Բաժիններ՝

Ուկրաինայի տարածքը գիշերը ենթարկվել է հարվածների․ Օդեսայում տարբեր օբյեկտներ են վնասվել

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Օդեսայի և Սումիի մարզերն այս գիշեր ենթարկվել են օդային հարձակման։ Գերատեսչության առավոտյան տեղեկագրում նշվում է, որ հարձակումն իրականացվել է 33 կամիկաձե ԱԹՍ-ներով, որոնցից 25-ը խոցվել են։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ Ռուսաստանը հարձակում է իրականացրել հյուսիսային, հարավ-արևելյան և հարավային ուղղություններից՝ օգտագործելով 33 իրանական «Շահիդ 136/131» ԱԹՍ-ներ։ Իրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին իրանական արտադրության ԱԹՍ-ների տրամադրումն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործելու համար։

«25 «Շահիդ»-ները ոչնչացվել են», – նշել են գերատեսչությունում։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի տարածքի վրա է արձակել 10 հրթիռ, իրականացրել է 69 օդային հարված և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 51 հարված․ ավելի քան 25 բնակավայր հայտնվել է գնդակոծության տակ։

«Ուկրաինայի արևելքում և հարավում օպերատիվ իրավիճակը մնում է բարդ», – գրված է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ հաղորդագրությունում։

Իր հերթին Օդեսայի ղեկավարությունը հայտնել է, որ գիշերվա հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ։ Հարձակումը տևել է 3 ժամ, ինչպես սրան նախորդող գիշերը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ սեպտեմբերի 6-ին Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի կենտրոնական շուկայի գնդակոծության հետևանքով 17 մարդ է զոհվել, ավելի քան 30 մարդ՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս