ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում դաշնակիցների լրջագույն ուշադրությունն է հրավիրել նրան, որ ԱՄՆ-ի հետ նրանց զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ անհրաժեշտ է դաշնակցային ոգով հավատարիմ մնալ ՀԱՊԿ դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։

«Իհարկե, մենք դրան ուշադրություն դարձրինք, և Հայաստանում մեր դաշնակիցների ամենալուրջ ուշադրությունն ենք հրավիրել նրան, որ դա մտահոգության տարրով ենք ընկալում: Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք ելնել նրանից, որ անհրաժեշտ է դաշնակցային ոգով հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Տեսանյութեր

Լրահոս