ՏԿԵՆ-ն առաջարկում է հողերի օտարումից առաջացած ֆինանսական միջոցների 30 տոկոսն ուղղել համայնքային բյուջե
Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է հողերի օտարումից առաջացած ֆինանսական միջոցների 30 տոկոսն ուղղել համայնքային բյուջե։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Օտարվող պետական սեփականություն համարվող հողերի համար գործող կարգավորումներում արված էր բացառություն, և այդ օտարումներից առաջացած ֆինանսական միջոցները ամբողջությամբ ուղղվում էին պետական բյուջե։ Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկում ենք, որ հողերի օտարումից առաջացած ֆինանսական միջոցների 30 տոկոսը ուղղվի համապատասխան համայնքային բյուջեներ»,- ասաց Տերտերյանը։
Նրա խոսքով՝ այս նախագիծը շատ երկար և բովանդակային քննարկվել է, և դրա արդյունքում նոր գաղափարներ ուրվագծվեցին հետագայի համար։
«Խոսքը ֆինանսական ավելի մեծ ապակենտրոնացման մասին է՝ համայնքային բյուջեներն ավելի կայունացնելու և ուժեղացնելու համար։ Հընթացս, պատեհ պահի այդ նախագիծը ևս կներկայացնենք»,- եզրափակեց Տերտերյանը։