Երևանի հռետորաբանությունը առաջին հերթին խփում է այն մարդկանց, ովքեր տառապում են դժվարին պայմաններում. Զախարովան՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ իշխանությունների հայտարարությունների մասին
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնության կարիք ունեցող մարդկանց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պարբերաբար հնչող հռետորաբանությունը` Ռուսաստանին մեղադրելու փորձերով, մասնավորապես, Երևանի կողմից, ուղղակի անընդունելի է։ Սա առաջին հերթին հարվածում է այն մարդկանց, ովքեր հիմա օգնության կարիք ունեն: Եվ հարց է առաջանում` քաղաքական հայտարարությունները, որոնք իրենց թույլ են տալիս շատ բարձր մակարդակի մի շարք գործիչներ Երևանում, ինչի՞ համար են։ Չեմ ուզում այդ մասին մտածել, բայց շատ փորձագետներ ենթադրում են, որ խնդրի լուծումը բարդացնելու նպատակով է»,- հավելել է Զախարովան։
Նա համոզված է, որ հիմա պետք է անհրաժեշտ ամեն ինչ անել իրավիճակը բարելավելու և մարդկանց տառապանքները նվազագույնի հասցնելու համար։ Վերջին օրերի նման հայտարարությունները փչացնում են և չեն օգնում գլխավոր խնդրին` ԼՂ–ում մարդկանց օգնելուն։ Զախարովան հիշեցրել է նաև այն կարևոր ավանդի մասին, որը Ռուսաստանը ներդրել է կարգավորման գործում։
Նրա խոսքով` ներկայումս Ռուսաստանն արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և այլ պրոֆիլային գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ գործընկերների հետ և քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման նպատակով:
Մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այդ թեմային անդրադարձել է անցյալ շաբաթ` Երևան կատարած այցի ընթացքում: Այս օրերին նա գտնվում է Բաքվում, որտեղ նախատեսված են նրա խորհրդակցությունները ադրբեջանցի գործընկերների հետ։
«Մենք գործում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով։ Մենք կողմ ենք մարդասիրական օգնության անարգել մուտքին տարածաշրջան ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով և միաժամանակ կոչ ենք անում խուսափել այդ հարցի չափից ավելի քաղաքականացումից»,-ասել է Զախարովան։
Նա միաժամանակ նշել է, որ ԵՄ-ն այս դեպքում անամոթաբար փոխառում է ռուսական կողմի նախաձեռնությունը։ Այնուամենայնիվ, ԵՄ–ի գործողությունները, ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման չեն հանգեցնում։