«Փաստ». Շահրամանյանի շուրջ լայն կոնսենսուս կա

«Փաստ» օրաթերթը գրում է.. «Այս օրերին Արցախում քաղաքական լայն քննարկումների ժամանակահատված է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև խորհրդարանում ԱՀ նախագահի թեկնածուների հնարավոր հարցի քննարկումը, քաղաքական ուժերը փորձում են իրենց դիրքորոշումները հստակեցնել։ Մեր արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս պահին հիմնական թեկնածուն ԱՀ պետնախարար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանն է, որը քաղաքական-հասարակական ամենալայն աջակցությունն ունի։ Արցախում նշում են, որ Շահրամանյանը կոնսենսուսային թեկնածու է դարձել մի շարք պատճառներով. նախ՝ անկուսակցական է, երբեք ներքաղաքական իրավիճակներին և ինտրիգներին պաշտոնի բերումով չի միջամտել (հիմնականում ուժային պաշտոնների է եղել), ինչպես նաև բոլոր գործընկերների հետ բոլոր առումներով եղել է անկեղծ։

Արցախի մեր աղբյուրի խոսքերով, այդ իսկ պատճառով Շահրամանյանի նկատմամբ առկա է հարգանք, և, անկախ նրանից՝ պաշտպանում են նրա թեկնածությունը, թե ոչ, առկա է կոնսենսուս՝ հատկապես փոխըմբռնելի լինելու մասով։ Որքան էլ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում խոսվում է, թե Շահրամանյանը Արցախի նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի թեկնածուն է, մեր տեղեկություններով, իրականությունը մի փոքր այլ է: Բանն այն է, որ նրա նկատմամբ համակրանք ունեն նաև Արայիկ Հարությունյանը, քաղաքական այլ ուժեր, ի դեպ, այդ թվում՝ արտախորհրդարանական։

 

Ավելին, անգամ Սամվել Բաբայանը, որը, կարծես թե, այլ պլաններ ունի, այս իրավիճակում չի թաքցնում, որ ոչինչ չունի Սամվել Շահրամանյանի դեմ, և իր խնդիրները «ծրագրային են և Արցախի ապագայի հետ կապված հարցեր են»։ Անկախ այն հանգամանքից, թե Արցախում իրադարձություններն ինչպես կզարգանան և քաղաքական ինտրիգներն ինչպիսի դրսևորումներ կունենան, ըստ էության, Արցախում կարծես թե լայն հասարակական-քաղաքական կոնսենսուսը ձևավորվում է հենց Շահրամանյանի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս