Ադրբեջանը բողոքել է BBC-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման ընթացքում «կողմնակալ» աշխատանքից
Ադրբեջանի մամուլի խորհուրդը արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի` պետական կառույցի բնորոշմամբ՝ «սադրիչ» գործունեությանը՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել:
«Վերջին օրերին BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, «կողմնակալ» նյութեր է հեռարձակում և «կողմնակալ» հայտարարություններ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ՝ միակողմանիորեն լուսաբանելով «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում» առկա իրավիճակը։
Մամուլի խորհուրդը եկել է այն եզրակացության, որ BBC-ի՝ անկախ Ադրբեջանի իրողություններին ներկայիս մոտեցումն անցանկալի է։ Կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի «տարածքային ամբողջականությունը» ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում պետք է կասեցվի և լիցենզիան հետ վերցվի»,- եզրափակել է պետական կառույցը: