Հանրությանը ներկայացվեց 19-րդ դարի հայկական գորգարվեստի նմուշներ՝ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից
19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը մեկ տեղում․Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրությունը բացվել է Հայաստանի պատմության թանգարանում՝ թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, շնորհավորելով բոլորին յուրահատուկ ցուցադրության բացման կապակցությամբ, ընդգծեց, որ ցուցադրվող 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը:
«Այս ցուցադրությունը մշակութային ժառանգության պահպանման, ներկայացման և գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է իր մեջ պարունակում: Մայր հայրենիքում՝ մեր հանրապետության սրտում, առաջին անգամ կներկայցվի Ջեյմս Թուֆենկյանի երկար տարիների աշխատանքի արդյունքը:
Արցախի, Սյունիքի, Լոռվա, Արևմտյան Հայաստանի և hայկական տարբեր շրջանների տիպաբանությամբ ընտրված շուրջ 30 գորգերը՝ մի մասը նաև արձանագիր, հատուկ փոխադրվել են ԱՄՆ-ից այս ցոուցադրության համար: Թանգարանի շուրջ 400 քմ ցուցադրական տարածքում վերանորոգման աշխատանքների իրականացմամբ, նորարարական հայեցակարգերով և համադրություններով յուրահատուկ այս ցուցադրությունը շուրջ մեկ տարի բաց կլինի և կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի այցելուներին»,- ասաց թանգարանի տնօրենը:
Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ջեյմս Թուֆենկյանին՝ Հայկական գորգերի հրաշալի հավաքածուն կազմելու և Հայաստանում դրա հետ հաղորդակցման հնարավորությունը ապահովելու համար:
Հավաքածուի հեղինակ Ջեյմս Թուֆենկյանը նշեց, որ ցավոք ցեղասպանությունից հետո թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են ջնջել հայկական հետքեր: Ըստ նրա՝ այս դեպքում էլ արել են ամեն ինչ, որպեսզի ամբողջ աշխարհում խոսվի, որ գորգերը արտադրվել են Թուրքիայում, Ադրբեջանում, Անատոլիայում, բայց ոչ երբեք՝ Հայաստանում:
«Ցեղասպանությունից հետո Թուրքերի համար շատ անհարմար էր, որ տարբեր տեղերում բացահայտվում էր հայկական ժառանգությունը՝ գործվել են հայերի կողմից: Եվ այդ պատճառով նրանք սկսեցին ոչնչացնել նաև այդ ամենը, նույնիսկ գիտական աշխարհից ունենալով իրենց կողմից գիտնականներ, որոնք համաձայնվել են վերացնել հայկական ժառանգությունը: Եվ այս ամենին հակադարձելու առաջին քայլը եղավ հայկական գորգերի այս ցուցադրության իրականացումը: Ես սկսել եմ այդ գործընթացը, բայց դա ավարտված չէ և հաջորդ քայլը պետք է լինի ուսումնասիրությունը. հայկական գորգագործության տակ պետք է դնել գիտական հենք, որովհետև Ադրբեջանցիները ամեն տեղ խոսում են և փորձում են ապացուցել, որ գորգագործությունը սկսվել է Կենտրոնական Ասիայում՝ սելջուկների կողմից, բայց կան վկայություններ, որ հայերը գործել են գորգեր դրանից դեռևս 1000 տարի առաջ: Եվ սա առաջին քայլերից է դա աշխարհին ապացուցելու համար»,-ասաց Թուֆենկյանը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ պետությունը մշտապես կարևորում է պետական-մասնավոր համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն այս համագործակցությամբ չի ավարտվի:
«Երբ ես դեռ աշխատում էի զբոսաշրջիկների հետ, բոլոր շբոսաշրջիկները միշտ հարցնում էին հայկական գորգերի մասին: Սա խոսում է այն մասին, որ նրանք գալիս են մեր երկիր՝ ճանաչելով Հայաստանը նաև որպես հայտնի գորգեր ստեղծած երկիր: Եվ այս համատեքստում սա ոչ միայն զբոսաշրջության և այցելուների համար կարևոր նախագիծ է, այլ նաև քաղաքական առումով ունի մեծ կարևորություն»,- ընդգծեց փոխնախարարը:
Հայաստանի պատմության թանգարանում հայկական գորգերի յուրահատուկ ցուցադրությունը այցելուները վայելելու հնարավորություն կունենան մեկ տարի: