«Ստեղծել 11 հոգանոց կոմիտե, որն էլ համազգային շարժմամբ կհեռացնի իշխանությանը. դա կողջունի ողջ աշխարհը». Վազգեն Մանուկյան
«Արցախի հարցում Ադրբեջանի ծրագիրն է՝ ազատել Արցախը հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որպեսզի հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ նրանց տեղահանել կամ կատարել կոտորած: Շատ հստակ է այդ ծրագիրը: Իսկ ի՞նչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ ի՞նչ, դրանից հետո Հայաստանի հետ խաղաղ պետք է ապրի՞. Ո՛չ: Մինչև այժմ ասում են, որ Երևանն իրենց պատմական հողն է, այսինքն՝ իրենց ծրագիրն է՝ անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո՝ Հայաստանը»,- Ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նա նկատեց, որ Արցախի ժողովուրդը կանգուն պայքարում է. «Այս պատմությունը համաշխարհային պատմության ոսկե էջերում է գրելու, որ 120 հազար հոգի՝ երեխաներով, ծերերով, մնան մի տեղում պաշարված և չուզենան հանձնվել՝ իրենց հայրենիքը պահելու համար: Դուք ականատես եք այդ ոսկե տառերով գրված պատմությանը: Ի՞նչ է այդ ժամանակ հայտարարում Հայաստանի ղեկավարությունը, պարզ բան՝ Ղարաբաղը թողնենք՝ խաղաղ ապրենք: Դա սխալ է ի սկզբանե, որովհետև Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը, հիմա կկուի պատմությունն է: Արցախի այս պահվածքը բերեց նրան, որ ամբողջ աշխարհը հիմա հետաքրքրվում է Արցախով: Հիմա, քանի որ այդպիսի վիճակ է, նոր բան է Նիկոլը մտածել, ասում է՝ պետք է ինչ-որ միջազգային կառուցներ ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը: Սուտ է ասում, չկա այդպիսի բան: Ռուսական բանակն այնտեղ կանգնած է՝ այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիներն ուզում են մեքենայով ապրանք տանել՝ չեն կարողանում, էլ ո՞նց է այդ խնդիրը միջազգային կարգով լուծվում, դա անլուծելի խնդիր է»:
Նա նշեց, որ հայ ազգի շահերն ու նպատակները լուծվելու են ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Անկարայում, այլ՝ Երևանում:
«Պետք է հարցը որոշենք ժողովրդով: Եթե մենք էլ, ինչպես Արցախը, նույն պնդությամբ, նույն համառությամբ մեր սկզբունքների շուրջ համախմբված մնանք, աշխարհը մեզ հետ հաշվի կնստի: Մենք պետք է ձևակերպենք մեր խնդիրները, հետո դաշնակից գտնենք, ոչ թե՝ դաշնակից գտնենք, հետո իր ուզած խնդիրը այստեղ լուծենք: Բայց դրա համար էս մի հանրահավաքը հարց չի լուծում: Պետք է լինի ազգային ժողովրդական շարժում: Ժամանակն է նորից վերադառնալ այդ վիճակին: Կան կարող ուժեր, նրանք պետք է համախմբվեն: Պետք է իրար հետ պայմանագիր կնքեն: Պետք է ստեղծեն 7-11 հոգանոց կոմիտե, որը ղեկավարելու է շարժումը: Դրանից հետո, կոմիտեն պետք է որոշումներ ընդունի, և մեջը մտած բոլոր կուսակցությունները պետք է ենթարկվեն կոմիտեի որոշումներին: Այդ կոմիտեն պետք է ստեղծի համազգային շարժումը, պետք է կարողանա ցույց տալ աշխարհին Հայաստանի կամքը, և առաջին հաղթանակը այդ կոմիտեի պետք է լինի իշխանությունը փոխելը: Դա մեծ հաղթանակ է լինելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում