Արայիկ Հարությունյանի հեռացումը ցույց տվեց՝ խնդիրը լուծում է իշխանափոխությունը.նույնից է պետք ՀՀ-ում․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ականներն էլ են զգում իրենց իշխանության կորուստը». Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ հայ ազգի ամենամեծ խնդիրը, ինչպես վերջին 5 տարիները ցույց տվեցին, Հայաստանի Հանրապետության իշխանություններն են:
«Նրանց «քաղաքականությունը» ոչ միայն առիթ ու պատճառ եղավ, որպեսզի մեր պետությունը, մեր ժողովուրդը հայտնվի աղետալի այս վիճակում և հաղթահարի չհիմնավորված բազմաթիվ բարդություններ, այլ նաև այս կապիտուլյանտները շարունակում են հայ ժողովրդին տանել դեպի նոր աղետներ, ավելի մեծ բարդություններ տանող ճանապարհով: Որպեսզի դա տեղի չունենա, իշխանափոխության օրակարգը շարունակում է մնալ ՀՀ ներքաղաքական օրակարգում, որովհետև զարգացումները և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում, արդեն իսկ բերում են նրան, որ ՀՀ համար կարող են բացվել նոր հնարավորություններ, որոնք շահերի համադրման պարագայում ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին կարող են դուրս բերել այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակից: Ադրբեջանը շտապում է: Ադրբեջանի ամենօրյա սադրանքները հենց շտապողականության արդյունք են, փորձում է Ադրբեջանը առավելագույնս դիրքավորվել այնպես, որ հետագա զարգացումներում շատ քիչ բան կորցնի»,- Ազատության հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Արտակ Զաքարյանը նկատեց՝ որևէ մեկը չէր սպասում, որ Արցախը կարող է առանց սնունդի, առանց էներգակիրների, շրջափակված, պաշարված շարունակի պայքարը, չհանձնվի և աշխարհին ցույց տա, որ ինքը Ադրբեջանի հետ միասին նույն հարթակում լինել չի կարող. «Իսկ ադրբեջանցիներն այնքան տգետ են, և ՔՊ կոչվածներից ոչնչով չեն տարբերվում, որ շարունակում են սեղմել օղակը՝ դրանով աշխարհին համոզելով, որ Արցախը Ադրբեջանի կազմում որևէ կերպ լինել ուղղակի չի կարող»:
Ըստ նրա՝ իշխանափոխությունը փրկության սկիզբն է. «Չեմ ասում՝ իշխանափոխության հաջորդ օրը արթնանալու ենք լրիվ ուրիշ իրավիճակում, բայց ամեն ինչ սկսելու է ընկնել իր բնականոն հունի մեջ, և հայ ժողովուրդն աստիճանաբար կարողանալու է իրեն նպաստավոր դիրքեր ունենալ տարածաշրջանում միմիայն իշխանափոխությունից հետո: Նիկոլի իշխանությունը այսօր սպառնալիք է յուրաքանչյուր հայի անվտանգության համար»:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է դեպի այն իրավիճակ, որտեղ միջազգային հանրության մոտ կարող է շատ մեծ ցանկություն առաջանալ Ադրբեջանին մտցնել սանկցիաների տակ. «Շատ հնարավոր է՝ տարածաշրջանում զարգացումները լինեն այնպիսին, որ ՀՀ-ն ռազմաքաղաքական իմաստով վերադարձվի նպաստավոր դիրքեր: Բացի այդ, աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, և նոր աշխարհակարգի քարտեզում ՀՀ-ն այսօր իսկ Արցախի հետ միասին պետք է կարողանա գտնել իր տեղը: Ծնկաչոք աջից-ձախից խաղաղություն մուրացող և այդպես էլ չգտնող խունտան՝ իշխանախումբը, նրանք չեն կարողանալու: Նրանք չգիտեն՝ որտեղ է այդ խաղաղությունը, ով է իրենց տալու, ինչ տեսք ունի, և չեն հասկանում՝ աշխարհի զարգացման տրամաբանությունն ուր է գնում, որովհետև իրենց վերջնարդյունքում ասում են՝ դուք վաղը այսպես կանեք, այնպես կանեք: Իրենց թվում է, թե այդպես իրենք Հայաստանի անվտանգության հարցը լուծում են, բայց ավելի են վատացրել: Սրանց այս հիմար քաղաքականության արդյունքում, որն ուղղակի թշնամիներն են թելադրել, մենք հայտնվել ենք ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի ճանապարհին: Որպեսզի դա տեղի չունենա, նոր քաղաքական ուժերից միավորված հաջորդ կառավարությունը ունի մի շարք իրական հնարավորություններ՝ Հայաստանի և Արցախի շուրջ արագ կառուցել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտա վերադարձնել ռազմաքաղաքական բալանսը, և արտաքին քաղաքական իմաստով՝ Ադրբեջանին հետ հրել իր մեկնարկային պայմաններ, և այդտեղից դուրս բերել ինքնորոշման իրավունքի օրակարգը՝ դեպի միջազգային օրակարգեր»:
Նա նշեց, որ ՔՊ-ականներն էլ են զգում իրենց իշխանության կորուստը. «Իրենք ուղղակի պետք է հասկանան մի բան, որ այսօր այստեղ մարդիկ նաև իրենց համար են հավաքվել, իրենց անվտանգությունն է սպառնալիքի տակ, նրանք էլ են մեր հայրենակիցները: Սահմանների օկուպացիան Արցախի տոնի հավաքի արդյունքո՞ւմ է եղել, թե՞ Նիկոլի տգետ ու անհեռատես քաղաքականության արդյունքում է եղել: Եթե այս երկրում ընդդիմությունն է իշխանությունը, ընդդիմության գործողություններով է պայմանավորվում թշնամու գործողությունը, ասեք՝ իմանանք: Գործողությունների ճանապարհը սկսվում է իշխանափոխությունից: Թող չնեղվեն, որ մի օր կարող են մանդատ կորցնել, պաշտոն կորցնել, ծառայողական մեքենա կորցնել, դրա ժամանակը չէ հիմա, մենք բոլորս հայրենիք ենք կորցնում, որի հետ այդ պաշտոնն էլ է կորելու, մանդատն էլ է կորելու, ծառայողական մեքենան էլ, պարգևավճարն էլ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում