«Տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հրաժարական չտալու մասին
«Անձամբ ճանաչում եմ Սամվել Շահրամանյանին: Քանի որ ինքը շատ երիտասարդ է՝ մոտ հարաբերություններ չեն եղել, բայց իմ ասածի հիմքը նրա անցած ճանապարհն է: Ես կարծում եմ՝ ինքը լավ ճանապարհ է անցել. համեստ, երիտասարդ, հավասարակշռված ղեկավար է»,- Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ ստեղծված իրավիճակի ելքը Սերժ Սարգսյանը տեսնում է իշխանափոխության մեջ, բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, այս իրավիճակում ինչպե՞ս է տեսնում ելքը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հռետորական հարցեր եք տալիս… Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, կտեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա»:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվելու դրա համար:
«Երբ ընթացքը կլինի, ես ձեզ խնդրում եմ, առաջարկում եմ գալ՝ ընթացքը լուսաբանել»,- ի պատասխան՝ ասաց Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացվեն, նա պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ»:
Իսկ հնարավո՞ր է ստեղծված իրավիճակում բեկում մտցնել Արցախի հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի՝ դրա հնարավորությունները կան:
«Արցախը միշտ էլ գործոն է, և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կա՛մ շատ մեծացել է, կա՛մ փոքրացել է: Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է հանդիսանալու»,- ասաց Երրորդ նախագահը:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արայիկ Հարությունյանի հրաժարականը ստեղծված իրավիճակում, նա պատասխանեց. «Դա Արայիկ Հարությունյանի որոշումն է եղել, իրենից հարցրեք»:
Անդրադառնալով պրոիշխանական շրջանակների այն թեզերին, թե՝ Արցախի վերջին ընտրված նախագահի հրաժարականը պետականությունը քանդելուն է համարժեք, նա հետևյալն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ վերջին ընտրված… Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հնարավորություն կա նոր նախագահի ընտրության»:
Հարցին՝ Շառլ Միշելն Արցախից խիզախ լուծումներ է ակնկալում, ի՞նչ խիզախ լուծումների մասին է խոսքը, կարո՞ղ է դա լինել, օրինակ, Աղդամի ճանապարհի բացումը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Գիտե՞ք՝ մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի: Ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից նորից խիզախություն է պահանջում, կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի, բայց կարող է ինքը ուրի՞շ լուծումներին է խիզախ անվանում: Մենք այդպես չենք համարում»:
Հարցին՝ իշխանափոխությունից հետո Վաչագան Ղազարյանի հետ շփվո՞ւմ է, նա պատասխանեց. «Այո, շփվում եմ»: