Ժողովրդավարական Բելգիան չպետք է շանտաժի ենթարկվի Ադրբեջանի նավթային բռնապետության կողմից. Բելգիայի Հայ Դատի Հանձնախմբի նամակը վարչապետ Դը Քրույին
Հայ Դատի Բելգիայի Հանձնախումբը նամակ է ուղարկել վարչապետ Ալեքսանդր Դը Քրույին։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետին հասցեագրված նամակում հանձնախումբը բարձր է գնահատել արտգործնախարար Հաջա Լահբիբի դիրքորոշումը եւ Բելգիայի խորհրդարանների ընդունած բանաձեւերին հավատարիմ մնալը։
«Ափսոսանքով տեղեկացանք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրաժարվել է հանդիպել նախարար Լաբիրինթ հետ, վերջինի Երեւանում արված հայտարարությունների պատճառով՝ դրանք համարելով հայամետ։ Մինչդեռ նախարարը միայն կրկնել է Եվրամիության դիրքորոշումը եւ վերահաստատել Բելգիայի դաշնային եւ ֆլամանդական խորհրդարանների որոշումը՝ Ադրբեջանից պահանջել երաշխավորել Լաչինի միջանցքով երթևեկությունն ու դրա անվտանգությունը», – գրված է նամակում։
Հանձնախումբն անընդունելի է որակել Լաբիրինթ հանդեպ Բաքվի կեցվածքը եւ հիշեցրել բոլոր այն բանաձեւերը, որոնք ընդունվել են վերջին ամիսներին։ 2023 թվականի հունվարի 31-ին Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանին Արցախի շրջափակման համար և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Բացի այդ, 2023 թվականի հունիսի 13-ին Ֆլամանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով անհապաղ բացել Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքը և ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իսկ Եվրախորհրդարանը 2023 թվականի հունվարի 19-ին բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել և կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը, ապահովել ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը:
Որպես բելգիական եւ եվրոպական կազմակերպություն, Հայ Դատի Բելգիայի հանձնախումբը նամակի վերջում հույս է հայտնել, որ եվրոպական եւ դեմոկրատ երկիր Բելգիան չի ենթարկվի Ադրբեջանի նավթային դիկտատուրային։ Հանձնախումբն ակնկալում է, որ Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքի այս դրսեւորումն անպատասխան չի մնա եւ Բելգիայի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ ցույց տալու իր անհամաձայնությունը։
ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ