Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 40-ը: Այս մասին հայտնել են ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում («Ռոսավիացիա»)։
«Ռոսավիացիա»-ում նշել են, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով 45 օդանավ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։
«Որպես պահեստային օդանավակայաններ օգտագործվել են Շերեմետևոյի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կազանի, Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Մոտ ժամանակներս այդ չվերթերի ուղևորներին կհասցնեն նշանակման օդանավակայաններ», – հայտնել են գործակալության մամուլի ծառայությունում։
«Ռոսավիացիա»-ում հավելել են, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից Մոսկվայի օդանավակայանները և «Ժուկովսկի» օդանավակայանն աշխատում են սովորական ռեժիմով․ հանվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը ներդրվել էր քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է այս գիշեր Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանում Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։