
Նաբլուսում իսրայելական ուժերի հետ բախումների հետևանքով գրեթե 40 պաղեստինցի է վիրավորվել

Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում իսրայելական ուժերի ռեյդի ընթացքում մի քանի տասնյակ պաղեստինցի է վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այս մասին հաղորդել է Կարմիր մահիկի կազմակերպությունը:
«Բժշկական անձնակազմն օգնություն է ցուցաբերել 39 վիրավորներին, որոնք տուժել են օկուպացիոն բանակի կողմից հրաձգության և գազի կիրառման հետևանքով` Նաբլուս քաղաքի Հովսեփի դամբարանի մերձակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ մեկ սպա և երեք զինվոր են տուժել Նաբլուսում, Հովսեփի դամբարանի մուտքի մոտ՝ նրանց կողքին պայթուցիկ սարքի գործարկման պատճառով։