Ուկրաինան հերթական ԱԹՍ-ներով հարձակումն է իրականացրել Մոսկվայի և Բրյանսկի մարզերում․ ՌԴ ՊՆ
Գիշերը Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հարձակումն իրականացվել է Ուկրաինայի կողմից։
«Օգոստոսի 31-ի առավոտյան կանխվել է Կիևի վարչակարգի կողմից ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով հերթական ահաբեկչական հարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքի օբյեկտների վրա», – նշված է գերատեսչության հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ անօդաչուն ոչնչացվել է ՀՕՊ համակարգի կողմից՝ Վոսկրեսենսկի շրջանի տարածքում։
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 30-ի երեկոյան ՀՕՊ համակարգերն ինքնաթիռային տիպի երկու ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի մարզի տարածքում։
Բացի այդ, ըստ գերատեսչության, Ղրիմի երկնքում ոչնչացվել է ուկրաինական հրթիռ։