Սուրեն Պապիկյանը ցուցումներ է տվել լայնածավալ անհատական աշխատանքներ կատարել ԶՈՒ-ում արատավոր բարքերը չեզոքացնելու ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։

Ըստ աղբյուրի՝ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքներին։

Լսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի, զորամիավորումների հրամանատարների զեկույցները՝ պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ է տվել զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներդնելու առավելագույն ջանքեր՝ անձնակազմի շրջանում լայնածավալ անհատական աշխատանքներ կատարելու, արատավոր բարքերը չեզոքացնելու, ի հայտ եկած խնդիրները լուծելու ուղղությամբ։

Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի շրջանում շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպել լրացուցիչ, անհետաձգելի միջոցառումներ և ուսումնասիրություններ՝ վեր հանելու համար հնարավոր բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ ծառայության կրման ընթացքում և հանգեցնել անցանկալի հետևանքների, դեպք-պատահարների։

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Տեսանյութեր

Լրահոս