Բռնեցին, որից հետո կրկին փախավ, ու ատրճանակի կոթով հարվածեցին գլխին, ուշագնաց եղավ․ մանրամասներ, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալել Ալեն Սարգսյանին․ «Սիվիլնեթ»
Civilnet. Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում երեք երիտասարդների առևանգմանն ականատես են եղել տասնյակ ուսանողներ։ Նրանցից մեկը ՍիվիլՆեթին պատմել է դեպքի մանրամասները։ Երիտասարդի անվտանգությունից ելնելով՝ նրա անձնական տվյալները չեն բացահայտում։ Զրուցակիցը փոխանցեց, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրենց տեղափոխել են Հակարիի կամրջի մոտ։ Անցակետ չհասած՝ մարդկանց բաժանել են խմբերի։ Սկզբում 15 հոգանոց խմբով գնացել են ընտանիքներ, հիմնականում՝ ՌԴ քաղաքացիներ։ Այդ ընթացքում նրանց հետ եղել նաև ադրբեջանցի լրագրողներ, որոնք պարբերաբար տեսագրում էին։Երիտասարդների առաջին խմբում եղել է նաև Ալեն Սարգսյանը, որին ադրբեջանցիներն առաջինն են ձերբակալել։ Երրորդ խմբի հետ անցակետին է մոտեցել «Սիվիլնեթի» զրուցակիցը։ «Երբ իջանք այնտեղ, Ալենն արդեն կանգնած էր։ Մեր ու նրանց խմբից մարդիկ էին գնում, իսկ այդ տղան դեռ կանգնած էր։ Հասկացանք, որ ինչ-որ մի բան այն չէ։ Նա այդ տեսախցիկի առջև կանգնած էր, անձնագիրն էլ ադրբեջանցի ստուգողի մոտ էր»։
Զրուցակիցն ասում է, որ քսան րոպե կանգնելուց հետո՝ Ալենին ասել են, որ չխանգարելու համար գնա շարքի վերջ, ինչին նա համաձայնել է։ Այդ ընթացքում նրա անձնագիրը փոխանցել են բարձրաստիճան մի ադրբեջանցի սահմանապահի, որն էլ սկսել է զանգեր կատարել ու հարցեր տալ Ալենին։ «Մոտ տասը րոպե անց երիտասարդին ասացին՝ արի, իջնենք ու խոսենք։ Նա առարկեց, որից հետո նրան ցանկանում էին ուժով տանել: Այդ տղան հետո հասկացավ՝ ինչ է կատարվում։ Որոշեց փախչել դեպի ռուսները։ Վազեց, ադրբեջանցիներն էլ նրա հետևից։ Ընկավ, հետո նորից կարողացավ փախչել։ Բռնեցին, որից հետո կրկին փախավ, ու ատրճանակի կոթով հարվածեցին գլխին, ուշագնաց եղավ։ Դրանից հետո այդ տարածքի ադրբեջանցիները մեզ ու այդ երիտասարդին շրջափակեցին»,- պատմում է ուսանողը։ Ադրբեջանցիները սկսում են խմբի անդամներին հանգստացնել՝ բացատրելով, որ երիտասարդը հետախուզման մեջ էր։ Ավելին, զրուցակցի խոսքով, նրանք հնարավորինս բարեհամբույր էին իրենց հանդեպ այդ պահին։
Այն երիտասարդներին, որոնք Ստեփանակերտի գրանցում ունեն, անձնագրերը ստուգող ադրբեջանցիները նախ հարցրել են, թե որտեղ են գրանցված։ Լսելով Ստեփանակերտ՝ «շտկում էին»՝ Խանքենդի։ Երիտասարդներից մի քանիսին բանավոր հորդորել են այլևս չվերադառնալ Արցախ, հակառակ դեպքում սպառնացել կալանավորել։