Դոնալդ Թրամփը դարձել է P01135809 բանտարկյալը, այնուհետև՝ գրավի դիմաց ազատ արձակվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 24-ին ներկայացել է Ատլանտայի Ֆուլթոնի շրջանի բանտ և պաշտոնապես հանձնվել՝ որպես քրեական գործով մեղադրյալ։ Թրամփին անմիջապես բաց են թողել, քանի որ դատարանը նախապես որոշում էր կայացրել նրան թողնել ազատության մեջ՝ 200 հազար դոլար գրավի դիմաց։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Տվյալ քրեական գործի շրջանակներում Թրամփին մեղադրում են 2020 թ․-ին Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու փորձի համար։ Վերջին հինգ ամիսների ընթացքում Թրամփին արդեն 4 քրեական մեղադրանք է ներկայացվել, սակայն սա առաջին դեպքն է, երբ նա բանտ է ներկայացել, և ոստիկանական բաժանմունքում արել են նրա լուսանկարը։ Թրամփը դարձել է համար P01135809 բանտարկյալը։
Թրամփը բանտ է եկել մեծ ավտոշարասյունով և այնտեղ մնացել շուրջ 20 րոպե։ Այնտեղից Սպիտակ տան նախկին ղեկավարն անմիջապես գնացել է օդանավակայան և մեկնել Նյու Ջերսի, որտեղ ապրում է իր գոլֆ ակումբներից մեկի տարածքում։ Նախքան թռիչքը Թրամփը խոսել է լրագրողների հետ՝ ասելով, որ կասկածում էր ընտրությունների արդյունքների վրա և «դրա լիակատար իրավունքն ուներ»։
Ըստ BBC-ի՝ Թրամփը ոչ միայն կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները, այլև հեռախոսազրույցների ընթացքում տեղի հանրապետական պաշտոնյաներից պահանջել է «գտնել այն 11 780 ձայները», որոնք չեն բավարարել, որպեսզի նա Ջորջիա նահանգում հաղթանակ տանի Ջո Բայդենի նկատմամբ։
Թրամփի հետ նույն գործով մեղադրվում է ևս 18 անձ, որոնց մի մասը վերջին օրերին արդեն ներկայացել է Ֆուլթոնի շրջանի բանտ։
Բացի Ջորջիայում ընտրախախտումների գործից, Թրամփի նկատմամբ գործեր են հարուցվել գաղտնի փաստաթղթերի ապօրինի օգտագործման, ընտրակեղծիքների փորձի և նախագահական արշավի համար հավաքված միջոցների յուրացման վերաբերյալ:
Թրամփն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում։