Բաժիններ՝

Ամիրյանի շենքի բնակարաններից մեկում Իրանի քաղաքացին արտարժույթի ապօրինի առքուվաճառք է իրականացրել․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն` Ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունից տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացու կողմից ապօրինի իրականացվում է առանց պետական գրանցման եւ լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործունեություն։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները պարզաբանելու նպատակով ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ մշակել եւ ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ծածկագրված եղանակով իրականացվել է նաեւ «հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում, առանց լիցենզիայի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ԻԻՀ քաղաքացուն տրամադրվել է 800 հազար ՀՀ դրամ՝ իրանական ռիալ գնելու, միաժամանակ, իրանական բանկային քարտին փոխանցելու նպատակով: Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւանի Ամիրյան 4/3 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացի Ս․ Ա.-ն իրականացնում է արտարժույթի` դոլարի, դրամի, ԻԻՀ ռիալի առուվաճառք, ինչպես նաեւ կատարում է դրամական փոխանցումներ ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ առանց պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառման:

Միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով ԻԻՀ քաղաքացու կողմից ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջների խախտման փաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն եւ ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով: Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման եւ համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս