Արգելանք է դրվել Գագիկ Ծառուկյանի գույքի, ընտանիքի անդամներին պատկանող բաժնեմասերի վրա
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ, ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում: Դատախազությունից հայտնում են, որ երեկ փաստաբանն այցելել է վարչություն և ծանոթացել գործի նյութերին:
Hetq.am-ը հետաքրքրվել էր, թե քանի միավոր գույք, ինչ չափի գումար է ենթակա բռնագանձման: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրության նյութերն այս փուլում շարունակում են մնալ գաղտնի, ինչով պայմանավորված՝ գույքերի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել դեռևս հնարավոր չէ:
Սակայն դատախազությունից հայտնել են, որ դիմել են Հակակոռուպցիոն դատարան, որպեսզի Գագիկ Ծառուկյանին ու ընտանիքի անդամներին արգելվի մի շարք շարժական ու անշարժ գույքերի, առևտրային ընկերություններում ունեցած բաժնեմասերի և բաժնետոմսերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Որոշ իրավաբանական անձանց արգելվել է անշարժ և շարժական գույքերի օտարման հետ կապված գործողությունների կատարումը: Իսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող այլ գույքի վրա դիմումով ներկայացված գումարի չափով արգելանք է դրվել:
Թեև դատախազությունից հայտնում են, որ երեկ՝ օգոստոսի 22-ին է Ծառուկյանի փաստաբանն այցելել դատախազություն և ծանոթացել նյութերին, Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում օգոստոսի 21-ին գրել էր, որ Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։
«Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը գնում, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները, եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավեն։ Ըստ անհրաժեշտության հանրությանը կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ կամ իմ կողմից, կամ փաստաբանների, գուցե հետագայում նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից, բայց կրկնում եմ՝ բացառապես օրենքի թույլատրելիության շրջանակներում»,-գրել էր Իվետա Տոնոյանը։