Անկախությունը բնատուր իրավունք է, ազատ ու անկախ ապրելու ձգտումը՝ գիտակցություն
Անկախության հռչակագիրը հայոց պետության հիմնաքարն է, ազատ ու արդար հասարակարգի, անվտանգ ու զարգացող պետության տեսլականը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը որոշեց շարունակել 1918 թ. մայիսի 28-ի ուխտը՝ հետևողական ու հավաքական ջանքով և աշխատանքով արժանապատիվ տեղ զբաղեցնելով միջազգային ընտանիքում:
Արևելահայ հողի վրա ապրող ժողովուրդն այս օրերին դիմագրավում է ռազմաքաղաքական ու անվտանգային բարդ մարտահրավերներ: Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում առաջնային են պետական մտածողությունը, սառը հաշվարկը, ազգային ու պետական շահի գիտակցումը, արկածախնդրության բացառումը:
Հայաստանին պարտադրված հորիզոնական՝ թուրք-ադրբեջանական շրջափակմանը, հակահայկական թշնամական հռետորաբանությանը գումարվել է պետության արտաքին ու անվտանգային հնգամյա քաղաքականության տապալումը:
Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է հեգնանքով, սխալ ու անընդունելի մեկնություններով, ազգային ու պետական շահերին հակադրվող, մտացածին ու կեղծ թեզերով, անթաքույց ու բացահայտ վիրավորական պիտակավորումներով խոսել հայ ժողովրդի քաղաքական կազմակերպվածության ամենաբարձր նվաճման՝ պետության անկախության հռչակագրի մասին, ինչը խստորեն դատապարտելի է:
Հռչակագրի դրույթների, անկախության ու պետության անձնագրի՝ խորհրդանիշերի կամայական, խեղաթյուրված, արժեզուրկ և անբովանդակ մեկնաբանությունները, հայ ժողովրդի պատմությունը վերատեսության ենթարկելու սնանկ ու գաճաճ քայլերը, քննական մտածողության շղարշի ներքո հայի ու Հայաստան գաղափարի արժեզրկման փորձերը միայն ապականում են պետություն կառուցելու և զարգանալու գլխավոր պայմանը՝ հանրային համերաշխությունը:
Անկախությունը բնատուր իրավունք է, ազատ ու անկախ ապրելու ձգտումը՝ գիտակցություն: Հայոց պետականության վերականգնման համար սերունդների պայքարն անցավ դժվար ու արնոտ ճանապարհով: Անկախությունը մեր հավաքական կազմակերպվածության, օրենքն ու կարգը հարգելու, արժեքներով դաստիարակվելու, գիտելիքով զինվելու, արարելու, զարգանալու, ժամանակի տեխնոլոգիական նվաճումներին համընթաց քայլելու քաղաքական իմաստությունն է, ազգի հոգեմտավոր զարգացման ցուցիչը, քաղաքակրթական հասունության աստիճանը, պետականաշինության, ազգային իղձերի իրականացման հանձնառությունն ու պատասխանատվությունը:
Շնորհավոր տարեդարձդ, Հայաստա՛ն:
«Genesis Armenia – Ջենեսիս Արմենիա»